00:00:00

Անգամ ամենավարդագույն երազում դա չի կարող լինել. Սահակյանը՝ Խաչիկյանի ճակատագիրը կիսելու, 50 մլն պարգևավճարի մասին

14:33, 22 նոյեմբեր 2018

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգեւավճարներ է տվել աշխատակիցներին, որի գումարը գերազանցում է 50 մլն դրամը։ Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր. «Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության պետերը իրենց կարիերան միշտ վատ են ավարտում: Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո ծառայության պետի պաշտոնին հրաժեշտ տված Հովհաննես Սահակյանը»: Irakanum.am-ի հետ զրույցում Հովհաննես Սահակյանը նշեց, որ պարգեւավճարները եղել են 2014-2016 թվականներին։ «Ես չգիտեմ ով է այդ ամենի սկզբնաղբյուրը եղել, եւ որտեղից է այն առաջացել, կխորանամ, կհասկանամ եւ հերքումն ու ներողություն խնդրելը անպայման կպահանջեմ, որովհետեւ դա հերհյուրանք է։ Եթե մարդը տառաճանաչ է, կարող է վերցնել ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության եւ ստուգման ակտերը եւ տեսնել, որ 50 մլն դրամը վերաբերում է 2014-2016 թվականներին, որը որեւէ առնչություն չունի ինձ հետ, եւ չէր էլ կարող ունենալ»,- ասաց Հովհաննես Սահակյանը, հավելելով, որ դա համարում է տոտալ անգործության եւ անգրագիտության արդյունք, որը ծիծաղելի է։ Մեր դիտարկմանը, թե Աշխատանքի եւ սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանը եւս կարծես թե սլաքները ձեր ուղղությամբ էր ուղղել, Հ․ Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ Թանդիլյանը նման բան է արել։ «Եթե այդպես է, Մանե Թանդիլյանը եւս ներողություն կխնդրի, եւ կհերքի, որովհետեւ այդ ակտը, որը գոյություն ունի ֆինանսների նախարարությունում, դա փաստ է, եւ դրանից դուրս որեւէ բան չկա»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննես Սահակյանը։ Ըստ նրա, եթե Թանդիլյանը նման միտք է արտահայտել, ապա ինքը ցավում է, որ նախարարությունը այդքան ժամանակ Թանդիլյանի նման նախարար է ունեցել։ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը պնդում է՝ Վազգեն Խաչիկյանի ճակատագրին չի արժանանա։ «Անգամ ամենավարդագույն երազում դա չի կարող լինել, նորից եմ շեշտում, որովհետեւ դա բացառապես վերաբերում է 2014-2016 թվականների պարգեւավճարներին»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր