Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կարծում է, որ պետք է վերացնել կարճաժամկետ վիզային ռեժիմը Ֆրանսիայի և Հայաստանի միջև: Նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում Վալերի Պեկրեսը նշեց, որ հանդիպումների ժամանակ իրենց խնդրեցին, որպեսզի Ֆրանսիայի կառավարությունից աջակցություն հայցեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև կարճաժամկետ այցերի համար վիզային ռեժիմը վերացնելու հարցում:
«Ես պարտավորվեցի այդ հայցը անպայման իրականացնել, որովհետև ինքս կարծում եմ, որ այն հայ երիտասարդ կադրերի համար, ովքեր ուզում են մեկնել Ֆրանսիա՝ ուսումն առնելու կամ պրակտիկայի համար, պետք է դյուրացնել ընթացակարգերը և վերացնել կարճաժամկետ վիզաների ռեժիմը»,- ասաց Պեկրեսը և հավելեց.«Ես այդ հարցը կբարձրացնեմ մինչև արտգործնախարարություն, որը զբաղվում է նման հարցերով: Դա շատ հասկանալի խնդրանք է, հաշվի առնելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը»:
Պեկրեսը նաև հայտնեց, որ հանդիպել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական և տնտեսական զարգացումները:Մենք նշմարեցինք համագործակցության տարբեր ուղիներ, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական այլ ընկերությունների գործունեության ծավալման հնարավորությունները»,- ասաց Պեկրեսը:
Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, առաջին փոխնախագահ, ինստիտուցիոնալ ռազմավարության և միջազգային հարաբերությունների պատասխանատու Ժերոմ Շարտիեն և բնապահպանության և կայուն զարգացման հարցերի պատասխանատու Ժան-Ֆիլիպ Դյուգուեն-Կլեմանը նոյեմբերի 18-19-ը գտնվում էին Երևանում: