00:00:00

ՄԱԿ-ի փորձագետը կոչ է արել Հայաստանում անցկացնել արդար ու թափանցիկ ընտրություններ

00:14, 17 նոյեմբեր 2018

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով փորձագետ Կլեման Նյալեցոսի Վուլեն, ով այս օրերին Երևանում է, իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման կապակցությամբ: Նա երկրի նոր ղեկավարությանը կոչ է արել չշեղվել մարդու իրավունքների հիման վրա կատարելագործված ժողովրդավարական համակարգի, երկխոսության մշակույթի և ուժեղ ու անկախ հաստատությունների արմատավորմանը հետամուտ լինելու ուղուց։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքում: «Հայաստանի ժողովուրդը վերաձևում է սեփական ապագան, որը միտված է իրավունքի գերակայության հիման վրա առավել ներառական հասարակության կառուցմանը, որտեղ յուրաքանչյուր անհատ իրացնում է բոլոր հիմնարար ազատությունները», - տասնօրյա պաշտոնական այցի ավարտին նշել է Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի կունենան իրական փոփոխություններ: Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հույս է հայտնել, որ դրանք կդառնան ևս մեկ առանցքային իրադարձություն Հայաստանի ժողովրդի կյանքում։ «Կոչ եմ անում անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ու ներառական ընտրություններ, որոնք կնպաստեն անհրաժեշտ բարեփոխումների ու տրանսֆորմացիայի համար նպաստավոր մթնոլորտի ստեղծմանը», - շեշտել է նա։ Վուլեն ողջունել է անցումային շրջանում կառավարության ձեռնարկած սկզբնական քայլերը և իշխանություններին հիշեցրել, որ դեպի զարգացում և առաջընթաց տանող ուղին կախված է այն բանից, թե որքան խորն են հասարակության մեջ արմատացած իրավունքի գերակայությունը, բոլորի համար իրավունքներն ու բազմազանությունը հարգելու մշակույթը։ Վուլեի այցը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով. նա հանդիպել է իշխանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների, ՄԱԿ-ի գործակալությունների ու դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հատուկ զեկուցողի եզրակացություններն ու առաջարկությունները կներկայացվեն Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ընթացքում, որը կանցկացվի 2019 թ. հունիսին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր