«Գազպրոմ Արմենիա ընկերությունում կատարվում են, չակերտավոր ասած, պլանային ստուգումներ»։ Այս մասին, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանայանը:
Նա նշեց, որ ըստ սահմանված ժամանակացույցի՝ իրականացվում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Հարկային ծառայողների կողմից, ըստ ստուգումների, որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն, հաղորդում է տրվել քննչական վարչություն՝ հետագա ստուգումներն իրականացնելու համար:
«Եվ այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Որոշակի վարքագիծ, որոշակի գործողություններ, տնտեսական գործունեությանն առնչվող որոշակի գործարքներ, կորուստների հետ կապված, որոնք առնչվում են գազի փոխադրման հետ, այդ տեղեկատվության առնչությամբ հայտնաբերվել է այնպիսի տեղեկատվություն կամ կասկածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել, ըստ ստուգողների, այդ վարքագծին քրեաիրավական գնահատական տալու: Քրեական գործ հարուցելը դա դեռևս դատավաճիռ չէ, քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության շրջանակներում»,- ասաց Անանյանը: Թե ի՞նչ ծավալի չարաշահումների մասին է խոսքը, հարցին, նա պատասխանեց, որ դրանք նախնական հաշվարկներ են, որոնք հիմա նպատակահարմար չէ հնչեցնել:
Անդրադառնալով այն տեսակետներին, որ ՊԵԿ ստուգումներն այս փուլում ճնշում կարող են լինել ընկերության վրա՝ հաշվի առնելով այն, որ սակագնի նվազեցման հարցով բանակցություններ են ընթանում, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այդ հարցին պատասխան չունի: