00:00:00

2018 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի թուլացում. ԿԲ

22:14, 13 նոյեմբեր 2018 Տնտեսություն

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: 2018 թ. հոկտեմբերին գրանցվել է 0.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%, ընդ որում՝ բնականոն գնաճը նույնպես փոքր ինչ դանդաղել է: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կլինի կայուն եւ 12-ամսյա գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում։ Համաշխարհային տնտեսության աճի միտումները պահպանվում են, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը աստիճանաբար խստացնում են դրամավարկային քաղաքականության պայմանները: Միաժամանակ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը փոքր ինչ թուլացել է, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի թուլացում՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների կրճատմամբ եւ շինարարության ճյուղի աճի տեմպերի դանդաղմամբ: Միեւնույն ժամանակ, գնահատվում է, որ իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպող ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա: Ընդ որում, հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքը 2019 թ-ին նույնպես կարող է զգալի ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի զարգացումների վրա: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ դրամավարկային պայմանների ներկա չափը բավարար խթանող է, այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետում դրա աստիճանական չեզոքացման հեռանկարով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռեւս կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Խորհուրդը գնահատում է նաեւ, որ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը ներքեւի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին եւ թե՛ ներքին գործոններով: Գնաճի եւ տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը: Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչեւ 2018 թ. նոյեմբերի 27-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր