00:00:00

Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից

17:10, 13 նոյեմբեր 2018

Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից: Այս մասին ՀՀ ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Խոսքը ոչ թե բոլոր, այլ հենց անհատ տաքսու վարորդների մասին է: Մենք ասում ենք, որ այդ մարդիկ որևէ վճար կատարելու անհրաժեշտություն չունեն: Մարդիկ կարող են գործունեության այդ տեսակն ազատ իրականացնել առանց վճար ունենալու: Մոտավոր 50 հազար մարդու մասին է խոսքը: Եթե մենք չոր հաշվարկ անենք, ապա այս քայլով կստացվի Երևանում այդ մարդկանց աշխատավարձը ավելացնում ենք 12 հազար դրամով, մարզերում՝ 8 հազար դրամով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե երբ ժողովրդի աշխատելու մասին է խոսում, ապա դա նշանակում է, թե մարդկանց մեղադրում է ծուլության մեջ: «Քավ լիցի, այդ մասին խոսել եմ տասնյակ անգամ: Մենք մեր ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որը աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել է աղքատությունը: Մարդուն ասել են աղքատ ես, նպաստ ես ստանում, ավելի լավ է մի աշխատի, հենց աշխատես՝ նպաստից կզրկենք: Հարցն այն է, թե ինչու ենք աշխատունակ մարդուն ընդհանրապես նպաստ տալիս: Մեր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ նպաստը թիրախային տրամադրելուն: Օրինակ, շահառուն լինի երեխան, ով սոցիալական աջակցության կարիք ունի: Ու այդ աջակցությունը տալու ժամանակ չդնենք պայման՝ ասելով, եթե քո հայրդ աշխատի, ապա կզրկվես օգնությունից: Գումարը տանք հասցեական, երեխային, թոշակառուին, անաշխատունակին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս իմաստով իրենց կառավարության քաղաքականությունը լինելու է աշխատանքի խրախուսումը, քաջալերելու են քաղաքացիներին, որ ուղղեն մեջքը, հավատան իրենց ուժերին և ստեղծեն արդյունք: Նա քաղաքացիներին կոչ արեց, որ իրենց աղքատության հետ չհամակերպվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր