ՀՀ Կառավարության շենքում, այսօր հերթական դարակազմիկ իրադարձությունն է տեղի ունեցել, ինչն իհարկե հեղափոխականները անվանում են պատմական։ Աշխատանքի և սոցիալական հարցերի ու մշակույթի նախարարությունները համատեղ ծրագիր են նախաձեռնել՝ այս անգամ թոշակառուներին հնարավորություն տալով ակտիվորեն ներգրավվել մշակութային կյանքում: Այսօր մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ստորագրել են հուշագիր: Նախարարների պաշտոնակատարները հայտնել են, թե ամսական 2000 թոշակառու կարող է մասնակցել ծրագրին:
Տիկնայք իհարկե չեն մոռացել նաեւ զգուշացնել, որ եթե թոշակառուն հանկարծ համարձակվի տոմսը տրամադրել իր հարազատին, ապա վերջինս չի կարողանա վայելել մշակութային կյանքը։
Լիլիթ Մակունցը, ով անկախության օրվան նվիրված միջոցառումները կենտրոնացերել էր միայն մայրաքաղաք Երեւանում, ավելի ճիշտ՝ Հանրապետության հրապարակում սելֆիի ժամ հայտարարելով, բնականաբար այլ կառուցողական առաջարկ ներկայացնել չէր էլ կարող։ Զարմանալին այստեղ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ոգեւորությունն է։ Տիկին նախարարը ակնհայտորեն հարմարվելով նախարարական աթոռին եւ տաքուկ կաբինետին մոռացել է, որ Հայաստանում աղքատության բարձր մակարդակ կա, որ տարեցները ունեն բազում այլ խնդիրներ, եւ որ ամենակարևորն է թոշակները խիստ ցածր են։ Անշուշտ Կառավարության շենք մտնելուց եւ այդ հուշագիրը ստորագրելուց առաջ Թանդիլյանն ու Մակունցը գոնե մի պահ պետք է ազնիվ լինեին իրենք իրենց հետ։ Արդյո՞ք մշակութային կյանքն է միայն պակաս մեր թոշակառուներին։
Ի դեպ բավականին աղմկոտ ու քննադատությունների տեղիք կտար, եթե հիշյալ հուշագիրը ստագրեին նախկին իշխանության համապատասխան ոլորտի նախարարները։ Սակայն Թանդիլյանի եւ Մակունցի պարագայում այդպես չէ։ Այդպես չէ, որովհետեւ իրենց թվում է, թե իրենք ճիշտ են, մյուսները՝ սխալ։ Սակայն նախարարները մոռացել են շատ կարեւոր հանգամանք, ինչպես եւ ում միջոցով, որ հայտնվել են նախարարությունում, այդպես էլ նույն ճանապարհով կարող են հեռանալ։ Հետեւաբար, բարի ու անվճար խորհուրդ Մակունցին եւ Թանդիլյանին գործ արեք, հատկապես, որ գոնե այս պահին Ձեզ խանգարողներ չկան։
Irakanum.am