00:00:00

Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանին

11:42, 08 նոյեմբեր 2018

ՀՀ կառավարությունն այսօրվա  նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում եւ նախատեսել, որ վարչապետին տրամադրվող ինքնաթիռից եւ ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, ոչ թե վարչապետը: Աշոտյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին է վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահվի կառավարությանը: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ ՀՀ կառավարությունը գտնում է, որ նման օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է եւ առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ, նկատի ունենալով այն, որ օրենքում ամրագրված են պաշտոնատար անձանց անվտանգության հետ կապված եւ օպերատիվ կարգավորում պահանջող դրույթներ եւ այդ պատճառով դրանք պետք է կարգավորվեն ՀՀ վարչապետի որոշմամբ: Հենց այդ տրամաբանությամբ է օրենքում ամրագրվել նշված մոտեցումը: «Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ նպատակահարմար չէ: Մենք գտնում ենք, որ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնառիթի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը», - ասաց Զեյնալյանը: Նա առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե ուզում է իր զարմանքն արտահայտել Աշոտյանի առաջարկի կապակցությամբ: «Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանը ապահովելու համար, բայց, ոնց որ թե, բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես, պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմիցս աչքի է ընկել ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր