00:00:00

Զոհրաբ Մնացականյանը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

02:03, 08 նոյեմբեր 2018

Աստանայում այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ։ Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարեւոր առաքելությունում: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ քայլեր ձեռնարկել համագործակցության նոր ոլորտներ եւ ուղիներ բացահայտելու ուղղությամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում կուտակված փորձը կայուն հիմք է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել խորացման եւ ընդլայնման համար՝ որպես նոր ուղղություն ընդգծելով նորարարության, բարձր տեխնոլոգիաների եւ ստեղծագործ կրթության ոլորտները: Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաեւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերը: Կողմերը քննարկել են նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի օրակարգին, ինչպես նաեւ ՀԱՊԿ գագաթաժողովի աշխատանքներին եւ ընդունվելիք փաստաթղթերին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովմանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշմանը եւ մոտեցումներին՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ընդգծել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր