Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին զբաղված են նախընտրական աշխատանքով: ՔՊ-ում արդեն նախընտրական ցուցակը վերջնական տեսքի են բերել։ Կուսակցությունը դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով։
Համամասնական ցուցակը բաղկացած է լինելու 200 թեկնածուից: Ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջին տասնյակում լինելու են Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Լենա Նազարյանը, Սուրեն Պապիկյանը, Մխիթար Հայրապետյանը, Արայիկ Հարությունյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Թորոսյանը, Սասուն Միքայելյանը, Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը:
Անցողիկ շեմում լինելու են նաև ՔՊ-ի նորաբնակներ՝ օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքած Հայկ Կոնջորյանն ու «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած Դավիթ Սանասարյանը:
Միաժամանակ տարիներ շարունակ ՀՀԿ-ի հովանու ներքո ծվարածներից ոմանք են տեղ գտնելու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն արդեն իսկ հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու է ընտրություններին, եւ առաջադրվելու է «Իմ քայլը» դաշինքից։ Դաշինքի համամասնական ցուցակում լինելու է նաեւ Շիրակ Թորոսյանը։ Չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցությունից Տաճատ Վարդապետյանն էլ իր քայլը անի։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի թիմում կլինեն Սերժ Սարգսյանի շրջապատից անձինք, ովքեր Փաշինյանի գնահատմամբ վարքաբեկված չեն։
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելու է նաեւ Սերժ Սարգսյանի նախկին օգնականներից Սեւակ Լալայանը։ Նշենք, որ վերջինս Սարգսյանի օգնականի պաշտոնից ազատվել էր 2016 թվականին։ Այդ ժամանակ մամուլում մի շարք հրապարակումներ եղան, կապված Լալայանի ազատման հետ։
Ինքը՝ Լալայանը, համարվում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մերձավոր անձանցից մեկը: Լալայանը փաստացի նախագահական էր գործուղվել Միքայել Մինասյանի հետ, երբ վերջինս 2008 նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Հետագայում Մինասյանը նշանակվեց դեսպան, իսկ Լալայանը շարունակեց պաշտոնավարել` իրականացնելով իշխանական մեդիայի փաստացի կառավարումը։
Հետո Սերժ Սարգսյանը մեկ գիշերում Լալայանին ազատեց օգնականի պաշտոնից։
Արդյո՞ք Միքայել Մինասյանի մերձավորը տեղ կգտնի «Իմ քայլը» դաշինքի համամասական ցուցակում, Irakanum.am-ը փորձեց ճշտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից։ Վերջինս ասաց, թե նման քննարկում չի եղել։ Հարցին, այսինքն չի բացառվում, որ քննարկեն նրա թեկնածությունը, խոսնակն ասաց․ «Նորից եմ կրկնում քննարկում չի եղել, ցուցակի կազմումն էլ աշխատանքային պրոցեսում է»։
Irakanum.am