Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս. Վահագն Հարությունյանը մանրամասներ է պատմել Aysor.am-ին
Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս. Վահագն Հարությունյանը մանրամասներ է պատմել Aysor.am-ին
17:25, 01 նոյեմբեր 2018 |
Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով նախկինում քննություն իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը համարում ապօրինի:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Հարությունյանը, որն այժմ Մոսկվայում բուժում է ստանում, տեղեկացրեց, որ իր գտնվելու վայրը հայտնի է եղել քննություն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը և ինքը չի կարող հետախուզվել:
«Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս: Համեմատության մեջ դնել, թե որն է ավելի ապօրինի, ինձ թվում է այդ ոլորտում ավելի շատ հաջողություն կունենանք, քան դրանց փորձենք իրավական գնահատական տալ», - մեզ հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը:
Նա պնդեց, որ մեղադրանքը չընդունելով հանդերձ, հետևողական է լինելու, որ այդ ապօրինությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք անպայման պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:
«Ընթացքը ցույց կտա, ես լինելու եմ հետևողական», - նշեց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
Հարցին, թե հնարավոր չէ՞ր իր կողմից ապացույցների կեղծում, ինչպես երեկ հաղորդել էր Հատուկ քննչական ծառայությունը, Վահագն Հարությունյանը արձագանքեց.
«Իհարկե, հնարավոր չէ, նման բան չի եղել, լինել չէր կարող: Ես չգիտեմ՝ ինչ դնեմ սրա անունը, սա քրեադատավարության ոլորտից դուրս հետապնդում է իմ անձի նկատմամբ: Ինձանից ինչ-որ համագործակցություն էին ակնկալում և այլն, իհարկե, ես համագործակցելու ոչ մի բան չունեմ կապված մարտի 1-ի գործի քննության հետ: Քրեական գործը եզակի այն քրեական գործերից է եղել, որը քննվել է հրապարակայնության ամենագերադրական մակարդակի վրա: Որևէ քրեական գործ այդքան հրապարակային չի ներկայացվել հանրությանը, որքան մարտի 1-ի գործը: Գործում առկա փաստաթղթերի ամբողջ ծավալը եղել է շատ մարդկանց, փաստահավաք խմբի ԱԺ հանձնաժողովի տրամադրության տակ»:
Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենից համագործակցություն են ակնկալել, Հարությունյանը պատասխանեց. «Ես էլ լավ չեմ հասկանում՝ ինչ են ակնկալում, ես հասկանում եմ՝ խոսքը վերաբերում է իրենց որդեգրած գործի ուղուն, ինչը իրենց պատկերացմամբ, ամպագորգոռ հայտարարում են, թե բացահայտել են, դրա հիմնավորումներն են փորձում տալ: Անտեղի են ակնկալում»:
Հարությունյանի պնդմամբ, այս քրեական գործի նախաքննության շրջանակներում հետագա գործողությունները և ընթացքը իրեն ցույց են տվել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում:
Անդրադառնալով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը, Հարությունյանը պատմեց հետևյալը.
«Հետախուզում հայտարարում են երկու հիմքերի առկայության դեպքում՝ երբ հայտնի չէ գտնվելու վայրը և թաքնվում է քննությունից: Սա հասկանալու համար իրավաբան լինել պետք չէ: Հիմա իմ գտնվելու վայրի մասին՝ ես երկրից մեկնել եմ հուլիսին: Աշխատանքից ազատվելուց հետո մեկնել եմ արտերկիր, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ որոշեցի լուծել իմ առողջական խնդիրները, որոնք բավականին լուրջ էին՝ կապված սրտանոթային համակարգի հետ՝ միջամտություններ, ստենտավորում և ծնկահոդի լուրջ խնդիրներ, որոնք վաղուց տեղի ունեցած ավտովթարի հետևանք էին: Ինչևէ, ժամանակս որոշեցի տրամադրել, լուծել այդ խնդիրները: Սեպտեմբերի 11-ին իմ՝ Երևանի բնակավայր ստացել եմ ծանուցում, իմ ներկայացուցիչ փաստաբանը հատուկ պարզաբանում է ներկայացրել քննիչին այն մասին, որ չեմ կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել իմ բնակության վայրի մասին տեղեկանք, կոնտակտային տվյալներ, և բուժման հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Որևէ արձագանք այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից չեմ ստացել: