00:00:00

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարծում է՝ ընտրություններից հետո եւս ԱԺ–ն պետք է քննարկի ԸՕ փոփոխությունների հարցը

17:10, 01 նոյեմբեր 2018

Վենետիկի հանձնաժողովի  նախագահ Ջաննի Բուքիքիոն կարծում է՝ ՀՀ կառավարության առաջարկած ԸՕ փոփոխությունների թվում շատ դրույթներ դրական էին։ Այս մասին նա ասաց այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում։ «Ինչպես գիտեք մի քանի օր առաջ ես հայտարարությամբ եմ հանդես եկել Վենետիկի հանձնաժողովի վերջերս կայացած նիստում՝ կապված ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ։ Այդ փոփոխությունները Վենետիկ Հանձնաժողովը չի հասցրել ուսումնասիրել, սակայն իմ անձնական գնահատականն է, որ այդ փոփոխություններից շատերը դրական էին, դրանք ուղղված էին ընտրական օրենսգրքի բարելավմանը»,–նշեց հանձնաժողովի նախագահը։ Բուքիքիոն վերահաստատեց՝ իսկապես Վենետիկի հանձնաժողովը միշտ ասում է, որ ԸՕ–ի բարեփոխումները պետք է տեղի ունենան ընտրությունից մեկ տարի առաջ, եւ խաղի կանոնները չպետք է փոխվեն խաղից մեկ տարի առաջ, սակայն երբ հարցը բարեփոխմանն է վերաբերում եւ երբ դրական փոփոխությունների մասին է խոսքը, իրենք չենք ընդդիմանում դրանց. «Այսպես, իմ դիրքորոշումն է, որպեսզի մենք ողջունենք փոփոխությունները, ամեն ինչ պետք է արվի բավարար ժամանակահատվածում, բայց մենք նախ հաշվի ենք առնում Հայաստանում ստեղծված հատուկ իրավիճակը, որը պահանջում է իրավիճակի հստակեցում»։ Հարցին՝ արտահերթ ընտրությունները եթե անցկացվեն գործող օրենսգրքով հնարավոր է թափանցիկ չլինեն, հնարավոր են այդ մասով խնդիրներ առաջանան, որին Բուքիքիոն պատասխանեց. « Անշուշտ, ընտրությունները կհստակեցնեն իրավիճակը։ Եթե գործող ժամանակավոր կառավարությունը հաղթի ընտրություններում, խորհրդարանում մեծամասնություն ստանա, ապա կկարողանա երկիրը լավ կառավարել, կատարել այն քայլերը, որոնք մտադրվել է։ Երեկ ես հանդիպեցի իշխանության ներկայացուցիչների, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Իմ տպավորությունն էր, որ նրանք հանձնառու են Հայաստանում իրավիճակը փոխելուն, կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը բարելավելու եւ շատ ոլորտներում ուժերի դասավորվածությունը փոխելու, ընտրական օրենսգիրքը բարելավելու համար»։ Վենետիկի հանձնաժողովի  նախագահի կարծիքով՝ ընտրություններից հետո բարեփոխումները, որոնք առաջարկվում էին եւ չընդունվեցին, խորհրդարանը կրկին կքննարկի. «Եվ ես խորհուրդ եմ տալիս իշխանություններին դա անել բաց եւ թափանցիկ ձեւով, բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության միջոցով»,–նշում է նա։ Ջաննի Բուքիքիոն շեշտում է՝ իհարկե, վենետիկի հանձնաժողովը պատրաստ է օգնել եւ նպաստել լավագույն ԸՕ–ն ունենալու հարցում։ «Սակայն կառավարությունն էլ շատ անելիքներ ունի, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքի, ինչպես նաեւ տնտեսական խնդիրների եւ մյուս բարեփոխումների առումով։ Բայց ես առաջ գնալու բարի կամք եմ տեսնում։ Իհարկե, մենք պետք է համբերատար լինենք եւ տեսնենք՝ արդյոք լավ մտադրություններին հետեւում են դրանց ի կատար ածումը, սակայն ես վստահ եմ եւ լավատես»։ Վենետիկի հանձնաժողովի նախագահը որեւէ խնդիր չի տեսնում նաեւ, եթե ընտրությունները անցկացվեն գործող օրենսգրքով, նա շեշտում է՝ խորհրդարանը անկախ մարմին է եւ եթե որոշել է չընդունել, ապա ընտրություններին պետք է գնալ գործող ԸՕ–ով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր