Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արաբկիր վարչական շրջան եւ աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասով ներկայացնելով իր դիտարկումները՝ Երեւանի քաղաքապետը կարեւորել է նաեւ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը:
Աշխատանքում հաջողություն գրանցելու եւ խոստացված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու հարցում քաղաքապետ Հայկ Մարությանը կարեւորել է բնակիչների հետ համագործակցված մոտեցումը: Երեւանի քաղաքապետը նշել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ բնակիչների հույսերն ու սպասելիքներն արդարացնելու համար:
«Մենք պետք է անենք այնպես, որ մեր բնակիչները ոչ թե միայն պահանջատեր լինեն, այլ նաեւ մասնակից դառնան բոլոր գործընթացներին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ միայն այդ դեպքում կարող ենք հաջողության հասնել»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արտակ Միսկարյանին եւ աշխատակիցներին վարչական շրջանում կատարած աշխատանքի համար՝ Երեւանի քաղաքապետն ընդգծել է, որ իր կողմից միշտ է գնահատվում այն ամենը, ինչն արվել է Երեւանի զարգացման ու բնակիչների հարմարավետության համար:
Հայկ Մարությանը շնորհավորել է Արամ Դանիելյանին՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: