00:00:00

50 հազար դրամ՝ տրանսպորտի ղեկին ծխելու համար. Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսված հակածխախոտային նոր օրինագծում

02:58, 20 հոկտեմբեր 2018

Մասնավոր ավտոմեքենայի ղեկին ծխելու համար անհրաժեշտ կլինի վճարել 10 հազար դրամ տուգանք, իսկ հասարակական տրանսպորտի ղեկին ծխելու համար՝ 50 հազար: Այսպիսի տուգանքներ են նախատեսված «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխման» մասին նոր օրինագծում: Իրավաբան Ռոզա Բաբայանը նշեց, թե դժվար է ասել՝ այս օրինագիծը երբ կընդունվի եւ դրա մեջ ինչպիսի փոփոխություններ կկատարվեն, եթե, իհարկե, կատարվեն: Այսպես թե այնպես, չարժի մոռանալ, որ օրինագծի նպատակը ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ չծխող մարդկանց, այդ թվում՝ անչափահասներին ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանելը, ինչպես նաեւ ծխելու տարածվածության նվազեցմանը նպաստելը: Վերջնանպատակը մեկն է՝ պահպանել Հայաստանի բնակչության առողջությունը: Հայաստանում մեքենա վարելիս ծխելու համար տուգանք կա նաեւ այսօր, բայց քանի որ այն բավականին համեստ չափի է (3000 դրամ), այնպիսի նախազգուշական դեր չի ունենում, ինչպիսին պետք է ունենար. մարդիկ ծխում են եւ տուգանքը վճարում: Ինչպես նշեց իրավաբանը, 2016-2017 թվականներին այս տուգանքը վճարել է մոտ 11 հազար քաղաքացի: Մասնագետների խոսքով՝ սա նշանակում է, որ տուգանքը պարզապես «գործուն չէ»: Օրինագծի հեղինակները նշում են, որ չթույլատրված վայրերում ծխելու համար ավելի բարձր տուգանքների իմաստն այն է, որ մարդիկ դադարեն ծխել այնտեղ, որտեղ դա արգելված է, այդ դեպքում ստիպված չեն լինի տուգանք վճարել: Օրինագծով նաեւ տուգանք է նախատեսվում փակ հասարակական հաստատություններում ծխելու համար՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ 50 հազար դրամ, իրավաբանական անձանց դեպքում (փակ հաստատությունների տնօրեններ, որոնք չեն խնդրել ծխախոտը հանգցնել)՝ 200 հազար դրամ: Վեց ամսվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում իրավաբանական անձանց համար տուգանքը կկազմի 300 հազար դրամ: Եթե հաստատության տերը հյուրերին նախազգուշացնի, որ այդտեղ ծխել չի կարելի, եւ հյուրերը ծխախոտը հանգցնեն, միջադեպը դրանով սպառված կհամարվի՝ ոչ ոք ստիպված չի լինի որեւէ բան վճարել: Ծխախոտի գովազդի համար տուգանքը կկազմի 800 հազար դրամ, փրոմո-ակցիայի շրջանակում ծխախոտն անվճար բաժանելու համար՝ 100 հազար դրամ (որոշ դեպքերում կարող է նախատեսվել անգամ լիցենզիայի չեղարկում): Կարգելվի նաեւ խանութներում ծխախոտի ցուցադրումը եւ կտուգանվի 200 հազար դրամով: Ըստ օրենսդրության ծխախոտի հատով վաճառելու համար տուգանքը 200 հազար դրամ է: Ինչպես նշում են օրինագծի հեղինակները, հատով վաճառքը պետք է արգելվի, որպեսզի դեռահասները չկարողանան օրվա ծախսի համար տված գումարով հատով ծխախոտ գնել եւ ծխել: Կարելի է վաճառել միայն փակ տուփով, որի մեջ ոչ պակաս 20 ծխախոտ է: Հիշեցնենք, որ հասարակական վայրերում ծխելն արգելված է աշխարհի մեծ թվով զարգացած եւ զարգացող երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ հարեւան Վրաստանում: Բոլոր երկրներում հասարակական վայրերում ծխելու համար սահմանված տուգանքները տարբեր են: Կանադայում, օրինակ, մանկական հիվանդանոցի տարածքում ծխելու համար ստիպված են վճարել 50 հազար դոլար տուգանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր