00:00:00

Հունան Պողոսյանը նշանակվել է մարզպետ` ապահովելու համար Սյունիքի քաղաքացիների ազատությունը. Նիկոլ Փաշինյան

23:28, 19 հոկտեմբեր 2018

Հունան Պողոսյանը մարզպետ է նշանակվել, որպեսզի ապահովի Սյունիքի քաղաքացիների ազատությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այսօր Կապանում զբոսանքի ժամանակ մոտենում էին քաղաքացիներն ու ասում, որ այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Հայաստանի ողնաշարում այսպիսի երևույթները զարգանան: Երբ ես մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածուի մասին, իմ պատկերացումը եղել է հետևյալը, որ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձր կոչում ունեցող մարդ, որ կարողանա դիմակայել այդ երևույթների դեմ: Ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա: Ոչ մի գաղտնիք չկա` ով է Հունան Պողոսյանը, ով եմ ես: Վերջին անգամ մենք հանդիպել ենք փշալարերից այն կողմ, պարոն Պողոսյանը ինձ նստեցրեց մեքենա, ուղարկեց հիվանդանոց: Այսօր հարցեր են հնչում, ասում են Հունան Պողոսյանը բարձրաստիճան ոստիկան էր` բարիկադի հակառակ կողմում: Այդ նույն քննադատությունները հնչում էին այն ժամանակ, երբ ես ՀՀ ոստիկանապետ նշանակեցի Վալերիյ Օսիպյանին, նույնը՝ երբ ԱԱԾ տնօրեն նշանակեցի Արթուր Վանեցյանին: Երբ մենք քայլում ենք փողոցով, մարդիկ նրանց ողջունում ու շնորհակալություն են հայտնում: Պարոն Պողոսյան, հույս ունեմ, որ հաջորդ անգամ, երբ զբոսնենք, նույնը կլինի նաև Կապանում ու ամբողջ Սյունիքում: Հանձնարարել եմ մարզպետին` ապահովել լիարժեք օրինականությունը, ապահովել նոր ներդրողների համար պայմաններ, ապահովել, որ յուրաքանչյուր ներդրում դառնա իրականություն, ամենակարևորը` ապահովել Սյունիքի քաղաքացիների ազատությունը կրիմինալ և որևէ այլ ճնշումներից: Հունան Պողոսյանը պետք է ապահովի ժողովրդի ապահովությունը, որովհետև նա նշանակված է ժողովրդի կառավարության կողմից, ու այլ կերպ լինել չի կարող»,- նշեց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև 2013թ.-ին Շանթ Հարությունյանի ու Հունան Պողոսյանի մասին իր հայտարարությանը: Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ հայտարարել էր, որ Հունան Պողոսյանը Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն է գործադրել: «Ես գիտեմ, բոլորս գիտենք, որ 2013թ.-ին եղել է իմ կողմից հայտարարություն՝ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ: Ես անհարմար վիճակում էի նաև այն ժամանակ, երբ, հիմնվելով Հարությունյանի խոսքերի վրա, հայտարարություն արեցի, հետո Շանթ Հարությունյանը չհաստատեց իմ խոսքերը: Հիմա էլ է անհարմար իրավիճակ, որովհետև նա մինչև հիմա չի հաստատել: Ես միջնորդել եմ, որպեսզի իրավապահ մարմինները նորից հնարավորություն գտնեն քննելու այդ գործը: Ես չգիտեմ, թե ինչ է եղել, բայց ուզում եմ նաև ասել, որ որպես ՀՀ վարչապետ հարց եմ տվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին այդ միջադեպի կապակցությամբ ու ստացել եմ պատասխան, որն ինձ բավարարել է, մնացածը թող քննությունը պարզի, որովհետև ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում չկան ու չեն լինելու արտոնյալներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր