00:00:00

Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

20:20, 19 հոկտեմբեր 2018

2016 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության վավերացման գլոբալ խորհրդատվական կոմիտեն հաստատել էր Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը, և երկրին շնորհվել էր հավաստագիր:
Կոմիտեի կողմից պարբերաբար դիտարկվում են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը պահպանելու համար անհրաժեշտ ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունիսին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետներն առցանց մասնակցել են վավերացման գլոբալ խորհրդատվական կոմիտեի հանդիպմանը՝ ներկայացնելով երկրում գործող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգը, վավերացման գլոբալ խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում երկրում իրականացված աշխատանքները և երկրի կարգավիճակի պահպանումը հաստատելու համար պահանջվող ցուցանիշները:
Ուսումնասիրելով դրանք՝ Կոմիտեն տվել է իր դրական եզրակացությունը՝ պաշտոնապես հաստատելով Հայաստանում 2016-2017թվականների համար մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը հաստատող ցուցանիշների պահպանումը: Արձանագրված ձեռքբերումը առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտ համագործակցության արդյունք է:
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ երկրում ներդրված է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման արդյունավետ համակարգ, գործում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն իրականացնող լաբորատորիաների զարգացած ցանց, առկա է մասնագիտական ներուժ, որոնց տեխնիկական աջակցությունը, մեթոդական օգնությունը, կատարված աշխատանքների մոնիտորինգն ու գնահատումն իրականացնում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը:
ԱՀԿ-ի վավերացման գլոբալ կոմիտեի կողմից հաստատված ձեռքբերումը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է և վկայում է այն մասին, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը մեր երկրում տվել են իրենց պտուղները՝ ստեղծելով արդի մարտահրավերներին արձագանքման համարժեք պատասխան: Կենտրոնը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը ԱՀԿ-ի կողմից տրված փորձագիտական բարձր գնահատականը պահպանելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանը աշխարհում չորրորդ, իսկ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում առաջին երկրներից է, որն արժանացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների նման բարձր գնահատականի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր