00:00:00

Ահազանգում են ճարտարապետները. Ազնավուրի կեցավայրը, առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխության է ենթարկվել

20:13, 19 հոկտեմբեր 2018

ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ   Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ  Լևոն Վարդանյանը նամակով դիմել են  Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ  Մկրտիչ Մինասյանին և Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ կոչ անելով և  պահանջելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը՝ թույլ չտալով խեղաթյուրել կառույցների ճարտարապետական դիմագիծը։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։ Մեծարգո պարոնայք Օրեր առաջ Երևանի Ազնավուրի կեցավայրում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանրությանը ներկայացվեց նշված կենտրոնի «վերակառուցման» մի նախագիծ, որը երբևէ Հայաստանի որևէ իրավասու ատյանում չի քննարկվել և չի համաձայնեցվել: Նախագծի հեղինակ որպես՝ ներկայացվեց ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը: Խիստ մտահոգիչ էր այն հանգամանքը, որ նշված միջոցառմանը հրաժարվել էր իր մասնակցությունը բերել կառույցի նախագծի հեղինակը` ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը,  ինչպես պարզվում է,  հեղինակային իրավունքի ուժով չէր տվել իր համաձայնությունը կառույցի նման վերաձևումների  համար: Հայ ճարտարապետների ստեղծագործություններն արտերկրյա կառուցապատողների կողմից կամայական ձևախեղելու  այս անընդունելի երևույթը, ցավոք, մեր ժամանակներում սովորական է դառնում՝ հաշվի առնելով  նախորդ տարիների բազմաթիվ նմանատիպ օրինակները:
Կոպտորեն խախտվում են պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերը, խեղաթյուրվում է  կառույցների ճարտարապետական դիմագիծը: Վերջերս  ՀՀ կառավարության և  ՀՀ ճարտարապետների միության  համատեղ ջանքերով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա ստեղծվեց ՀՀ Ճարտարապետների պալատը` նպատակ ունենալով, ի թիվս այլ գործառույթների, նաև պաշտպանելու ՀՀ ճարտարապետների՝ Հայաստանում ստեղծագործելու իրավունքները: Օրենքը նախատեսում է նաև արտերկրի ճարտարապետների՝ Հայաստանում գործելու իրավունք ձեռք բերելու`  համապատասխան  արտոնագիր ստանալու գործընթաց: Ճարտարապետների էթիկայի նորմերը միջազգային բնույթ ունեն և պարտադիր են բոլոր երկրների ճարտարապետների համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազնավուրի կեցավայրի՝ առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխությունը շատ վատ նախադեպ  կարող է  դառնալ մեզանից  յուրաքանչյուրի    ճարտարապետական      ստեղծագործությունների    ապագայի համար,  սույնով ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ  վերը նշված   օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել Երևանում հերթական ինքնատիպ կառույցի հերթական զոհաբերումը  թույլ չտալու համար: Կոչ ենք անում արտերկրյա  գործընկերներին հարգանք ցուցաբերել  մեր երկրում, մեր ստեղծագործական մոտեցումների հանդեպ: Մենք ողջունում ենք սփյուռքահայ  գործընկերների մասնակցությունը Հայաստանի շինարարական գործընթացներին, նրանց միջոցով  արտերկրի առաջավոր փորձի կիրառումը, բայց միայն  այն դեպքում,  երբ դա տեղի  է ունենում պրոֆեսիոնալ համերաշխության և փոխադարձ հարգանքի  մթնոլորտում, այլ  ոչ՝ ի հաշիվ  մեր մասնագիտական արժանապատվության ոտնահարման: ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ Աշոտ Ալեքսանյան ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ   Հովհաննես Մութաֆյան ՀՀ  վաստակավոր   ճարտարապետ  Լևոն Վարդանյան  19.10.2018թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր