«Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք ու երբեք չպետք է դադարի, և այդ հնարավորությունը միշտ կա մեր կողմից: Մենք միշտ պատրաստ ենք երկխոսել, այդ հնարավորությունը նույնիսկ հոկտեմբերի 2-ի նախագծի քննարկումից և դրան հաջորդած իրադարություններից հետո սպառված չեմ համարում»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ տեսակետը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրատապ անցկացնելուն, առանց Ընտրական օրենսգրքի (ԸՕ) ընդունման և սուպերվարչապետության վերացման, կողմ կլինեն բանակցությունների և կոնսենսուսի դեպքում:
Ըստ նրա՝ քաղաքական ուժերը պետք է ավելի պարզ խոսեն, ասեն՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վարչապետ առաջադրել Փաշինյանի հրաժարականի դեպքում, արդյոք միանշանակ կո՞ղմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին:
Լ.Նազարյանի կարծիքով՝ այս հստակեցումները պետք է հնչեն, դրանք շատ կարևոր նախապայմաններ են բանակցությունների համար: Նա նշեց, որ կարելի է անգամ անտեսել հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ նախագիծը, որի շուրջ կոնսոլիդացվեցին ԱԺ ուժերը, նստել և խոսել՝ հասկանալու, թե ինչպես կարելի է անցնցում հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: