00:00:00

Դուք եք ձեր ամենօրյա աշխատանքով ուրվագծում մեր պետության վաղվա օրը. Ա. Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

15:10, 05 հոկտեմբեր 2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուղերձում աված է. «Հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում տարիների ձեր անդուլ աշխատանքի և մեծ վաստակի առջև ու մաղթում ամենայն բարիք: Միաժամանակ, շնորհավորանքի ու գնահատանքի խոսք եմ ուղղում Սփյուռքի բոլոր մանկավարժներին, ովքեր, ապրելով Հայաստանից հեռու, դարձել են հայապահպանության յուրօրինակ առաքյալները: Այս օրը բոլորիս տոնն է, և յուրաքանչյուրս մի պահ վերհիշում ենք մեր դպրոցական տարիները, մե՛րթ խստապահանջ, մե՛րթ նրբանկատ մեր ուսուցիչներին, ովքեր մեզ ոչ միայն հարուստ գիտելիքներ հաղորդեցին, այլև օգնեցին ձև ու բովանդակություն հաղորդել մեր մտքերին ու ձգտումներին, օգնեցին, որ կյանքում ամեն մեկս գտնի իր ճանապարհը և դառնա երկրի լիարժեք քաղաքացի: Սիրելի՛ ուսուցիչներ, դուք եք ձեր ամենօրյա աշխատանքով ուրվագծում մեր պետության վաղվա օրը: Մեծապես ձեր աշխատանքով է պայմանավորված, թե ինչ աշխարհընկալում կունենա և ինչ արժեհամակարգ կդավանի վաղը մեծ կյանք ոտք դնող սերունդը, և դրան են միտված այսօր Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, որոնց նպատակն է ստեղծել այսօրվա չափանիշներին համապատասխանող, ու կրթության բարձր որակ ապահովելով` աշխարհում Հայաստանն ավելի մրցունակ դարձնող, մարդկային հիմնարար արժեքների վրա հիմնված ազատ ու ժողովրդավարական հասարակություն ձևավորող կրթական համակարգ: Վստահ եմ, որ հաջողությամբ կլուծենք նաև այս կարևորագույն խնդիրը, ինչն ավելի առարկայական կդարձնի ձեր նվիրված աշխատանքի արդյունքները: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից կրկին շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, կրթության ոլորտի բոլոր աշխատողներին Ուսուցչի օրվա առթիվ: Բոլորիդ մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն, բարօրություն և նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ասպարեզում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր