Աշխատանքային առաջին այցով սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փոխվարչապետը ծանոթացավ մարզի համայնքներին հուզող խնդիրներին: Հանդիպմանը ներկա էին գերատեսչությունների, ուժային կառույցների ներկայացուցիչները և մարզի համայնքների ղեկավարները:
Ներկայացնելով մարզում իրականացվող ծրագրերն ու խնդիրները՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը փաստեց, որ ներկայում մարզում իրականացվելու է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հրատապ 23 ծրագիր, որոնք այս պահին նախագծա-նախահաշվային փուլում են: Մարզի համայնքներից առաջին անդրադարձը Գյումրիին էր վերաբերում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փաստեց, որ Գյումրիում ներկա պահին իրականացվում է 3 ծրագիր՝ տեղական բյուջեով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: «Այս պահին քաղաքում բուռն աշխատանքներ են իրականացվում այս ծրագրերով, ևս երկու ծրագիր իրականացվում է ՀՀ կառավարության հետ՝ դրանք Գյումրու «Մուշ-2» թաղամասի կառուցման և տեխնիկայի ներկրման ծրագրերն են»,-նշեց Գյումրու քաղաքապետը: Անդրադառնալով խնդիրներին՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ ևս 3 ծրագիր ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը. «Այդ ծրագրերի կարևորությունից ելնելով՝ խնդրում ենք հաստատել այդ ծրագրերը, որոնք կապված են քաղաքային տրանսպորտի, ջերմամեկուսացման, աղբահանության և աղբի վերամշակման փոքր գործարան ստեղծելու հետ: Այս ծրագրերն այս պահին ներկայացված են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն»: Գյումրու քաղաքապետն իր խոսքում նաև փաստեց, որ կա Գյումրու բյուջեի վերանայման անհրաժեշտություն. «Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք բյուջե, Գյումրին՝ լինելով երկրորդ քաղաքը, 6 միլիոնի բյուջե: Այս համահարթեցման բանաձևը փոփոխության ենթարկելուց հետո համայնքները կզարգանան»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: