Վրաստանում ձերբակալվել է «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթի լրագրող Դոմենտի (Դիտո) Չուբինիձեն, որը մեղադրվում է պետական դավաճանության՝ մասնավորապես սաբոտաժի մեջ։ Ձերբակալության պատճառ են դարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքների վերաբերյալ ենթադրյալ գաղտնի պայմանավորվածության մասին հրապարակումները։
Ինչպես հոկտեմբերի 22-ին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը, լրագրողը 2026 թվականի փետրվարից տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներով պարբերաբար տարածել է տեղեկություններ, թե Կոբախիձեն Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնության արդյունքում հարևան երկրին է փոխանցել պատմական Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասը։
Դատախազության պնդմամբ՝ այդ տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։ Գերատեսչությունը շեշտել է, որ Վրաստանի պետական սահմանի փոփոխությունը կարող է իրականացվել միայն համապատասխան միջազգային համաձայնագրի հիման վրա, որը ենթակա է խորհրդարանի վավերացման։ Բացի այդ, սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ բանակցություններ վարելու իրավասությունը վերապահված է հատուկ կառավարական հանձնաժողովին։
Ըստ դատախազության՝ Դավիթ Գարեջիի հատվածում սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, իսկ գործող իրավական ընթացակարգերը բացառում են վարչապետի կողմից տարածքների միակողմանի փոխանցման հնարավորությունը։
Քննության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Լազարե Ջորբենաձեի մահվանը։ Վերջինս ավելի վաղ հարցազրույցներում պնդել էր, թե Կոբախիձեն և Ալիևը գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել վանական համալիրի մի մասը Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ։ Ջորբենաձեն, սակայն, իր պնդումները հաստատող ապացույցներ չէր ներկայացրել։
Ջորբենաձեն մահացել է 2026 թվականի ապրիլի 4-ին։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել։ Լրագրող Չուբինիձեն կասկածի տակ էր դրել այդ վարկածը՝ նրա մահը կապելով վարչապետի վերաբերյալ ենթադրյալ տեղեկությունների հրապարակման հետ։
Վրաստանի դատախազությունը պնդում է, որ նման հայտարարություններով լրագրողը միտումնավոր խոչընդոտել է պետական մարմինների, մասնավորապես՝ սահմանազատման և սահմանագծման կառավարական հանձնաժողովի բնականոն աշխատանքը՝ վնաս հասցնելով պետության օրինական շահերին։
Չուբինիձեին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։ Դատախազությունը նախատեսում է դատարան դիմել՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Քննությունը շարունակվում է։
Դավիթ Գարեջիի վանական համալիրը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում՝ Թբիլիսիից մոտ 60 կիլոմետր հարավ-արևելք։ Վեցերորդ դարում հիմնադրված պատմամշակութային համալիրը երկար տարիներ երկու երկրների միջև սահմանային տարաձայնությունների առարկա է։ Վրաստանի և Ադրբեջանի միջև 446 կիլոմետրանոց սահմանի մի հատվածը, այդ թվում՝ վանական համալիրի տարածքում, դեռևս վերջնականապես սահմանազատված չէ։