00:00:00

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

16:50, 19 սեպտեմբեր 2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 59-րդ նիստի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից: Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում վիճակագրական տեղեկատվությունը ինչպես աշխատանքի արդյունք է, այնպես էլ ռեսուրս, որը տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանության ոլորտներում կայուն զարգացման հիմքերից մեկն է: Ըստ փոխվարչապետի՝ պաշտոնական վիճակագրությունը թվերի միջոցով երկրների միջև շփման ինքնատիպ լեզու է: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ վիճակագրության դերն անհնար է թերագնահատել նաև միջազգային համագործակցությունը գնահատելու, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային կապերը զարգացնելու գործընթացում:
Այս առումով փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի դերը և համարել այն կարևոր հարթակ վիճակագրության ոլորտում փոխգործակցության հարցերի քննարկման և որոշումների կայացման համար:
ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի նախագահ Վլադիմիր Սոկոլինը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ընդունելության և Հայաստանում խորհրդի հերթական նիստը բարձր մակարդակի կազմակերպելու համար, ներկայացրել է առաջիկա նիստի օրակարգը: Վլադիմիր Սոկոլինը բարձր է գնահատել Հայաստանի վիճակագրական կոմիտեի գործունեությունն ու խոսել ընդհանրապես վիճակագրական ծառայությունների կատարած աշխատանքի կարևորության մասին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մաղթել է նիստի մասնակիցներին հաջող և արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ կայանալիք քննարկումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ աշխատանքին և կնպաստեն վիճակագրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր