«Հետքը» գրել էր Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների ունեցվածքի մասին, ինչից պարզ է դառնում, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը ոչ միայն ամենահարուստն է (ըստ հայտարարագրերի), այլեւ միակ թեկնածուն, որ արտերկրում անշարժ գույք ունի:
Չնայած Հ. Մարությանը հաշվառված է Հյուսիսային պողոտայում, որտեղ 170 քմ մակերեսով բնակարան ունի եւ 27 քմ տարածքով ավտոտնակ, փաստացի բնակվում է Հանրապետության փողոցում:
Բացի Հյուսիսային պողոտայում ունեցած գույքից՝ Հ. Մարությանը, ըստ հայտարարագրի, նաեւ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 5 բնակարան ունի, 1 առանձնատուն եւ 2 հողամաս: Սրանցից մի քանիսը նրա սեփականությունն են, մյուսները՝ համատեղ սեփականություն կնոջ՝ Իվա Մարությանի հետ, որը Չեխիայի քաղաքացի է:
Թեկնածուի հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ նա իր չեխական բնակարանները վերջին մեկ տարում (2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի օգոստոս. հայտարարագիրը ներակայացվել է այս ժամանակահատվածի համար) վարձով տվել է տեղացիների, ինչի արդյունքում ստացել է 1.338.000 չեխական կրոնի եկամուտ (շուրջ 30 մլն դրամ):
Քարտեզին նայելով՝ կարելի է տեսնել, որ Մարությանի՝ Պրահայում գտնվող տները հետաքրքիր ձեւով դասավորվել են մի գծի վրա:
Այժմ անդրադառնանք դրանց ըստ հերթականության:
Լիբեն թաղամասի Կրեյչիհո 2279/6 հասցեում (Krejčího 2279/6, Libeň, Praha 8) Հ. Մարությանն, ըստ հայտարարագրի, 63 քմ մակերեսով բնակարան ունի, ինչպես նաեւ 45 քմ տարածքով հողամաս: Այս փաստը հաստատվում է նաեւ չեխական կադաստրի փաստաթղթերով:
![]() |
![]() |

