Երեւանի քաղաքապետի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քարոզարշավի ավարտից 4-5 օր առաջ բավական սրել է հռետորաբանությունը «Իմ քայլը» դաշինքի հանդեպ, որը փաստացի ներկայացնում է նոր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանին: Զոհրաբյանի երեկվա քննադատական ելույթը շատերի, այդ թվում՝ իշխանությունների համար անսպասելի էր:
ԲՀԿ պատգամավորները այդ հանգամանքը բացատրել են նրանով, որ դա Նաիրա Զոհրաբյանի դեմ օրեր շարունակ տարածվող տեղեկատվական արշավին տրված արձագանք է: Ըստ նրանց, այդ արշավը իրականացվում է նախարարության աշխատակիցների եւ ֆեյքերի միջոցով: Այն, որ նոր Հայաստանում իշխանությանն ուղղված ցանկացած քննադատություն արժանանում է սուր հակազդեցության սոցիալական ցանցերում ակնհայտ է: Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը քննադատող ցանկացած մեկը անմիջապես հայտնվում է ֆեյքերի հարվածների ներքո: Սա ցավալի իրողություն է, հատկապես, երբ այդ ամենը արվում է առողջ քննադատության պարագայում:
Հիմա ըստ էության: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի քննադատական ելույթից հետո հնչեցին կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմիակիցների պատասխանն առավել քան կոշտ է լինելու: Սակայն տեղի ունեցավ բոլորովին հակառակը: ՔՊ-ական որոշ պատգամավորներ պարզապես հերքեցին Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի մարդկանց ներգրավածությունը «Իմ քայլը» դաշինքում: Իհարկե չմոռանալով շեշտել, որ ամեն դեպքում ավագանու ցուցակում կան անձինք, ովքեր Միքայել Մինասյանի մտերիմն են եղել: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին բանավեճի հրավիրելու Զոհրաբյանի կոչին, ապա Իմ քայլը դաշինքի քաղաքապետի թեկնածուն նախընտրեց կրուտիտ լինել: Մարությանը հայտարարեց, որ բանավեճի կմասնակցի, եթե ներկա լինեն մյուս թեկնածուները: Կարելի է արձանագրել, որ Մարությանը պարզապես խուսափեց բանավիճել Նաիրա Զոհրաբյանի հետ: Հակառակ դեպքում նույն տրամաբանությամբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երբ թեկնածուներից մեկը բանավեճի հրավեր ստանա, կարող է մերժել, ասելով, որ պարտադիր է, որպեսզի մյուս բոլոր թեկնածուները եւս ներկայանան:
Նիկոլ Փաշինյանը եւս որեւէ կերպ չանդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարություններին եւ կոշտ ելույթին: Անկասկած Փաշինյանի արձագանքին շատերն էին սպասում: Ի՞նչը դարձավ պատճառ, որ վարչապետն ով ամենուր ուղեկցում է Մարությանին, այսօր լռեց: Արդյո՞ք դա խոսում է այն մասին, որ Նաիրա Զոհրաբյանի ելույթը եւ դրանում առկա հայտարարությունները ճիշտ էին: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձել է առավել չսրել իրավիճակը, նկատի ունենալով ժողովրդի վստահությունն իր անձի հանդեպ: Ի վերջո Փաշինյանը եւս քաջ գիտակցում է, որ Հայկ Մարությանը եթե չունենար իր վստահությունը եւ դաբրոն, քաղաքապետ ընտրվելու շանսեր չուներ: Իրականում չարձագանքելով Նաիրա Զոհրաբյանին Փաշինյանը հերթական անգամ պաշտպանում է քաղաքապետի իր թեկնածուին:
Irakanum.am