00:00:00

ՀՀ-ում բարեփոխումների բարենպաստ պայմաններ են ստեղծվում. առողջապահության նախարարի ելույթը` ԱՀԿ նիստի ընթացքում

00:10, 18 սեպտեմբեր 2018

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանում արտահերթ ելույթի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է ՀՀ որդեգրած ռազմավարությունն այս ոլորտում, առաջնահերթություններն ու գերակայությունները` ուղղված երկրի առողջապահական համակարգում առկա խնդիրների լուծմանը:  Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրադրության պայմաններում` ժողովրդավարության հաստատման ճանապարհին առողջապահությունը դիտվում է որպես գերակայություն: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարներ, միջազգայնորեն հայտնի փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդների ուշադրությանն են ներկայացվել ոլորտին ուղղվող բյուջետային հատկացումների ավելացման միջոցով ծրագրվող փոփոխությունները, ապահովագրական ծածկույթի ընդլայնման միջոցով շատ ավելի մեծաթիվ քաղաքացիների համար առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու նպատակադրումը: Առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը նախարարության առաջնահերթ քայլերից է, ինչը միտված է հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու հնարավոր բարդությունների կանխարգելմանը: Այս ռազմավարությունը կյանքի է կոչվել արդեն 10 տարուց ի վեր, բայց, նախարարի դիտարկմամբ, այն դեռ որոշ հաջողություններ գրանցել է միայն գյուղական վայրերում, ուստի շարունակում է մնալ օրակարգում: Նույն այս նպատակին է միտված նաեւ  սքրինինգային մի շարք ծրագրերի ծրագրվող ներդրումը: Նախարար Թորոսյանն ընդգծել է նաեւ նախարարության կողմից առողջ կենսակերպի ձեւավորմանն ուղղված քայլերն ու այս առումով լրջագույն անելիքները` դրանցից առանձնացնելով, մասնավորապես, ծխելու դեմ տարվող պայքարը: Հայաստանում ամենօրյա ծխող է չափահաս մարդկանց ավելի քան 52 տոկոսը, ուստի այս իրավիճակը շտկելուն եւ առողջական ամենատարբեր ռիսկեր կանխելուն են միտված օրենսդրական համապատասխան նախաձեռնությունները: «Առողջապահական բարեփոխումները, որոնք ուղղված են հանրային առողջության ամրապնդմանը, ԱԱՊ-ի վերակազմավորմանը, բուժսպասարկման որակի բարձրացմանը եւ այլ ոլորտներին, հիմք կստեղծեն հետագա բարեփոխումների համար` համընդհանուր առողջապահական նպատակներին հասնելու համար: Ներկայումս Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվում առողջապահական համակարգի հետագա բարեփոխումների համար»,-շեշտել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր