ԲՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը Երեւանի հիմնախնդիրների լուծման կողքին ներկայացրել է լուրջ ներդրումային փաթեթներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Նոր Նորքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, նախկին քաղաքային իշխանությունների շնորհիվ Երեւանի բյուջեն այնքան է թալանվել, որ այն բավարար չէ քաղաքի խնդիրները լուծելու համար. «Մենք ասում ենք, գեղեցիկ ծրագրերով հնարավոր չէ Երեւանի խնդիրները լուծել, քաղաքին լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, որը բերել է ԲՀԿ-ն:
Երեւանի խնդիրները չեն լուծվելու ոչ դուխով հայտարարություններով, ոչ էլ առանց դուխի հայտարարությունների: Դրա համար պետք են լուրջ ռեսուրսներ ու ֆինանսներ: Նա խոսեց Երեւանում աղբի վերամշակման գործարան կառուցելու, վերելակային տնտեսությունը վերանարոգելու, խայտառակ տրանսպորտային համակարգը կազմաքանդելու եւ նոր էլեկտրոնային համակարգ ներդնելու մասին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ Երեւանում կոռուպցիայի դեմ պայքարելը բարդ չէ, եթե քաղաքապետը կոռումպացված չէ. «Ես խոստանում եմ՝ Երեւանից այլեւս որեւէ մեկը որեւէ բան չի գողանալու: Երեւանին կին քաղաքապետ է պետք, կանայք ավելի նվիրված են, հոգատար են, կանայք չեն գողանալու Երեւանից, ինչպես գողացել են տղամարդ քաղաքապետերը»:
Նա բարձր գնահատեց իմ եւ իր թիմի շանսերը. «Բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն էլ լավն են, բոլորն էլ ուզում են տեսնել բարեկարգ Երեւան, բայց ԲՀԿ-ն միակն է, որ լուծումներին կից ներկայացնում է նաեւ ներդրումային փաթեթները, որոնց տակ դրված է մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումներ»: