Սեպտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները գոհունակությամբ են նշել երկու գերատեսչությունների միջև հաճախակի դարձած հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ դրանք կարևորելով երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման ու արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ համակարգված քաղաքականության իրականացման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։ Կողմերը կարևորել են բանակցային դինամիկայի պահպանումը և ընդգծել Ադրբեջանին զսպելու քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ ուղղված խաղաղ գործընթացի անշրջելիության և տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։
Տեղի է ունեցել նաև կարծիքների փոխանակում՝ բանակցություններին Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության վերականգնման հեռանկարների, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի շուրջ:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և ՀՀ ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։ Քննարկվել է երկու գերատեսչությունների ստորաբաժանումների միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով: