00:00:00

Երևանը հատուկ տեղ ունի փարիզեցիների սրտում. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

14:39, 15 սեպտեմբեր 2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյիհետ: hանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև հաստատվել են առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ։ Հանրապետության վարչապետը և Փարիզի քաղաքապետն ընդգծել են գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցության կարևորությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակական կլինի, ինչն անպայման կտա իր պտուղները։ «Հայաստանի նոր ղեկավարությունը նպատակադրված է ոչ միայն պահպանել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլև նոր շունչ ու դինամիկա հաղորդել երկկողմ համագործակցության օրակարգին»,- ասել է վարչապետը՝ կարևորելով Երևանի և Փարիզի քաղաքապետարանների միջեւ օրեցօր ամրապնդվող համագործակցությունը, որում մեծ է տիկին Իդալգոյի անձնական ներդրումը։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ տեղյակ է երկու քաղաքապետարանների միջեւ գրեթե ամենօրյա կապի, ինչպես նաեւ Երևանի հետ լավագույն փորձը կիսելու Փարիզի պատրաստակամության մասին։ Վարչապետի խոսքով՝ աշխարհի ամենալավ կառավարվող քաղաքներից մեկի՝ Փարիզի փորձը արժեքավոր է բոլոր բնագավառներում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանի նոր քաղաքապետի հետ կառուցողական երկխոսություն կհաստատվի եւ համագործակցության կոնկրետ արդյունքներ կարձանագրվեն։ Նշելով, որ այս տարի տոնելու ենք մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ վարչապետը վերահաստատել է Անն Իդալգոյին Հայաստան այցելելու հրավերը՝ լինի դա Երևանի 2800-ամյակի միջոցառումներին, թե իրեն հարմար մեկ այլ առիթով։ Անն Իդալգոն ևս կարևորել է հայ-ֆրանսիական կապերի շարունակական զարգացումն ու խորացումը և դրվատանքով խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում: Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` վարչապետին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «Թումո»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։ Անն Իդալգոն տեղեկացրել է ստարտ-ափերին Փարիզի քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել այս ոլորտում փորձի փոխանակում իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ: «Երևանը հատուկ տեղի ունի փարիզեցիների սրտում, եւ մենք շահագրգռված ենք էլ ավելի ամրացնել Հայաստանի մայրաքաղաքի հետ կապերը»,- ասել է Անն Իդալգոն: Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ Փաշինյան, ուրախությամբ եմ ողջունում Ձեզ և տեսնում, որ ֆրանսահայ համայնքի բազմաթիվ ծանոթ դեմքեր կան այստեղ: Շատ ուրախ եմ հյուրընկալելու Ձեզ և շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ արձագանքեցիք հրավերին: Անկեղծորեն ուրախ եմ, որ Փարիզի և Հայաստանի միջև բարեկամությունը խորն է: Մենք ունենք ընդհանուր անցյալ և ընդհանուր ապագա, որը պետք է կառուցենք: Ներկան այն երիտասարդությունն է, որ ոտքի կանգնեց Ձեզ հետևելու համար, ոտքի կանգնեց ժողովրդավարության համար և իր ապագայի համար, և խաղաղ քայլերթն է, որ Ձեզ Գյումրիից Երևան բերեց և խաղաղ քամին է, որ փչում է Ձեր երկրում: Այսօր կա մի սերունդ, որ կիսում է Ձեր հսկայական պատասխանատվությունը: Այսօր մեզ միավորում է երիտասարդությունը, ընդամենը մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, ինչում Ձեր երկիրը ներշնչեց մեզ: Դա հնարավորություն կտա հազարավոր փարիզեցիների պատրաստվել թվային ստեղծագործության մեջ` բարության, հարգանքի և վստահության մթնոլորտում: Մենք շատ աշխատեցինք և ընտրել ենք Փարիզի մի գեղեցիկ մշակութային հաստատություն, որի տնօրենին, ինչպես նաև Մարի Լու եւ Բեկոր Փափազյաններին, ցանկանում եմ ողջունել, որ ընդունեցին այս մարտահրավերը: Մենք ունենք ներկան ու ապագան միասին կառուցելու մարտահրավեր, պետք է բազմապատկենք ծրագրերը և համատեղ կյանքի կոչենք: Գիտեմ, որ մենք ցանկանում ենք կառուցել ավելի ժողովրդավար, ավելի արդար, ավելի նորաստեղծ հասարակություններ: Պարոն վարչապետ, գիտեմ, որ Դուք էլ գիտեք պայքարի գինը։ Եկեք միասին հասնենք մեր նպատակներին»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Հարգելի տիկին քաղաքապետ, հարգելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, մեծ պատիվ է ինձ համար այսօր այստեղ հանդես գալ ձեր առաջ Փարիզի քաղաքապետի ներկայությամբ, այս պատմական շենքում: Քանի որ տիկին Իդալգոն իր ելույթում մի քանի անգամ հիշատակեց վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ես ինձ իրավունք կվերապահեմ մի քանի զուգահեռներ անցկացնել և այսօրվա հանդիպումը տեղավորել տեղի ունեցողի համատեքստում: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն, ըստ էության, սկսվեց Ֆրանսիայի հրապարակից, որի կենտրոնում տեղադրված է Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը Ֆրանսիան նվիրել է Հայաստանին: Մեր հանրահավաքները տեղի էին ունենում այդ քանդակի շուրջ, և ամեն անգամ օրվա մեջ մի քանի անգամ զգուշացնում էի, որ այս արձանը արվեստի գլուխգործոց է, և մեր մեծագույն խնդիրը ոչ միայն իշխանափոխություն անելն է, այլև այնպես անել այնպես, որ այդ գլուխգործոցը չվնասվի: Եվ իհարկե, ամեն անգամ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի գլուխգործոցի կողքին ելույթ ունենալիս ես հիշում էի այն բոլոր պատմությունները, որ կապված են աշխարհում տեղի ունեցած տարբեր հեղափոխությունների հետ: Եվ համաշխարհային հեղափոխությունների ամենախոշոր կենտրոններից մեկը հանդիսացող Ֆրանսիայի անունը կրող հրապարակում ես ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ առաջընթաց են բերել մարդկությանը տարբեր հեղափոխությունները, բայց միևնույն ժամանակ ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ տառապանքներ են բերել մարդկանց այդ հեղափոխությունները: Եվ Ֆրանսիական հեղափոխության և բոլոր հեղափոխությունների պատմությունը վերհիշելով` շատ հստակ խնդիր ձևակերպվեց մեր առաջ` անել այնպիսի հեղափոխություն, որը կբերի առաջընթացի, կբերի փոփոխությունների, կբերի նոր հնարավորությունների, որը կբացառի մարդկանց տառապանք բերելու նոր ալիք: Եվ մենք հստակ ձևակերպեցինք մեր խնդիրը, մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների և պարտվածների, այլ սիրո և համերաշխության: Եվ մեզ հաջողվեց իրականացնել սիրո և համերաշխության հեղափոխություն, անել հեղափոխություն հանուն քաղաքացիների երջանկության, ազատության ու առանց որևէ մեկին տառապանք պատճառելու: Ես կարծում եմ, որ այս հեղափոխության գաղափարը և այն փաստը, որ Թումո կենտրոն է բացվելու Փարիզում, Մոսկվայում, Լիբանանում, Տիրանայում, Բեռլինում, ցույց է տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը։ Մենք մի երկիր ենք, որ ուզում է և կարող է կարևոր և օգտակար մասնակիցը լինել մարդկության և քաղաքակրթության առաջընթացի, իր նպաստը բերել մարդկային կյանքն ավելի ազատ, ավելի երջանիկ, ավելի հանդուրժող, ավելի քաղաքակիրթ դարձնելու համար: Եվ մենք քայլում ենք այս ճանապարհով, ամեն օրվա հետ ավելի վստահ ենք քայլում այդ ճանապարհով, և, ըստ էության, մենք քայլում ենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր