Ես ասել եմ ու էլի եմ ասում՝ Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն է, իսկ ինքն ընդունում է ինձ ընկեր, թե՝ ոչ, արդեն իր խնդիրն է: Այս մասին այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ իր համար ընկերը նա չէ, ով իր ամեն ասածի հետ համաձսյն է, այլ նա, ով իր հետ բանավիճում է:
Արամ Սարգսյանը հարթակից պատասխանեց հաճախ տրվող հարցին, թե ինչու՞ իրենք քաղաքապետի ընտրություններին հանդես չեկան «Ելք» դաշինքով, այլ նոր դաշինք ձևավորեցին:
«Երկրում տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ: Թավշյա հեղափոխությունից հետո տարբեր քաղաքական կուսակցություններից մարդիկ գնացին, անդամագրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մեր գործընկեր կուսակցությունը, տեսնելով որ ինքը մի քանի անգամ ավելի մեծ կուսակցություն է դարձել, քան «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն են, տեսնելով, որ իրենք ունեն համապատասխան ռեսուրս, քաղաքական ներուժ, կադրեր, որոշում կայացրեց այս ընտրություններում միայնակ փորձել իր ուժը: Մենք էլ որոշեցինք հիմնել «Լույս» դաշինքն ու այս դաշինքով մասնակցել ընտրություններին», հայտարարեց պատգամավորը:
Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ իրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ պայմանավորվածություն չունեն նաև ընտրություններից հետո Հայկ Մարությանի թեկնածությունը պաշտպանելու հարցում:
«Մեզ ասում են՝ դուք Մարությանին եք պաշտպանելու, իսկ մեզ էնտեղ ընդդիմություն է պետք: Ես խորը հավատով մարդ եմ, ես Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր վարդապետի և Տեր հոր հանդիպելիս բարևի փոխարեն օրհնություն եմ խնդրում, ես խոնարհաբար համբուրում եմ Կաթողիկոսի աջը, և ես ձեր առջև անկեղծ խոստովանում եմ, որ որևէ պայմանավորվածություն չկա»,- հայտարարեց Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք քարոզարշավի մեջ են մտել հաղթելու համար:
«Սրանք քաղաքապետի ընտրություններ են, բոլոր թեկնածուներն էլ մերն են: Էստեղ չկա մի թեկնածու, ում հաղթանակից ես չեմ ուրախանա, ում ես չեմ շնորհավորի: Արարատ Զուրաբյանին նայեք, մեր Արարատ Զուրաբյանը չի՞, ի՞նչ սև ու սպիտակ, էդ տղան ո՞ր թվից է պայքարում: Զարուհի Փոստանջյանին նայեք՝ քաղաքական ներկապնակի լավ դեմքերից է, հետաքրքիր մարդ է իր կոլորիտով, իր առավելություններով: Նաիրա Զոհրաբյանին նայեք, Անահիտ Թարխանյանին… Սա այն դեպքն է, որ բոլորն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և էստեղ սև ու սպիտակ դնելը սխալ է»,- հավելեց նա: