00:00:00

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի պատվիրակությանը

22:41, 13 սեպտեմբեր 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն, ԵԽ հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Տաթևիկ Դավթյանը և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սուսաննա Ադամյանը: Ողջունելով հյուրերին՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև առկա հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ հայկական կողմը շահագրգռված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության ներուժը։ Նախարարը կոնգրեսի պատվիրակներին մանրամասն ներկայացրել է տարածքային և տեղական կառավարման վերաբերյալ ներկա իշխանությունների պատկերացումներն ու զարգացման տեսլականը, և նշել․«Հայաստանում ամբողջական ժողովրդավարություն ունենալու հիմքը տեղական մակարդակում ժողովրդավարության բարձրացումն  ու ինքնուրույնության աճն է։ Պետական կառավարման համակարգ-ՏԻՄ կապն ավելի դյուրին կդառնա, երբ ՀՀ-ում ավարտված կլինեն վարչատարածքային բարեփոխումները, ինչի նպատակով առաջիկայում նախատեսվում են տարածքային կառավարման հարթությունից որոշակի լիազորությունների պատվիրակում համայնքներին»։ Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ոլորտի քաղաքականության պատասխանատուների կողմից որոշվել է գործընթացն առկախել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Նախարարը որոշումը պայմանավորել է նախկինում կատարված բարեփոխումների ընթացում արձանագրված բացթողումներից հնարավորինս զերծ մնալու, դրական և բացասական կողմերը վերլուծելու անհրաժեշտությամբ։  Սուրեն Պապիկյանը հատուկ շնորհակալություն է հայտնել GIZ-ին, UNDP-ին, Շվեյցարական զարգացման գործակալությանը Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալացման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար։ Իր հերթին ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ-ի կարևոր գործընկերներից է, և Խորհուրդը պատրաստակամ է այսուհետ ևս օժանդակել երկրում ծավալվող ժողովրդավարության կոնսոլիդացիայի գործընթացին։ Անդրեաս Կիֆերն ափսոսանք է հայտնել ԵԽ-ի կողմից Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին ռեսուրսների սղության պատճառով դիտորդական առաքելություն չիրականացնելու առնչությամբ և դա բացառապես պայմանավորել նույն ժամանակահատվածում Բոսնիա-Հերցեգովինայում անցկացվող ընտրությունները դիտարկելու հրավերն ավելի վաղ ընդունելու հանգամանքով։ Նախարար Սուրեն Պապիկյանը, կարևորելով  ԵԽ մոնիթորինգային գործառույթները, հույս է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԵԽ դիտորդական առաքելությունը կցուցաբերի իր ակտիվ մասնակցությունը:  Ամփոփելով նախարարը համոզմունք է հայտնել, որ տարածքային և տեղական մակարդակների տարբեր ոլորտներում ԵԽ-ի և ՀՀ-ի համագործակցության ողջ ներուժը լավագույնս օգտագործելու միջոցով առաջիկայում հնարավոր կլինի բարեհաջող ավարտին հասցնել սկսված վարչատարածքային բարեփոխումները և տեղերում ունենալ մասնակցային ժողովրդավարության վրա հիմնված ինքնուրույն համայնքներ։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր