Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի արժեքավոր աշխատանքը և նշել, որ սա հանդիպում է իսկական բարեկամների հետ:
Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, և այս մեծ միջոցառումը ևս մեկ անգամ կխորհրդանշի Հայաստանի և Ֆրանսիայի խորքային ամուր կապը:
Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները կարևորել են տնտեսական կապերի առավել ընդլայնումը:
Նախագահ Սարգսյանը և Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին:
Հանրապետության նախագահն ասել է, որ մեր երկրում ժողովրդավարությունը երկխոսությունից ու հանդուրժողականությունից բացի զարգացման այլ ճանապարհ չունի: Հայաստանը ապրում է անցումային շրջանում և բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այդ ճանապարհը կանցնի հանդուրժողականության մթնոլորտում՝ Սահմանադրության և օրենքների շրջանակում: