00:00:00

Հայաստանում օգոստոսին շարունակվել է գնաճը

20:35, 10 սեպտեմբեր 2018 Տնտեսություն

ՀՀ սպառողական շուկայում 2018 թվականի օգոստոսին գրանցվել է 0.6 տոկոս գնաճ, որը պայմանավորված է պարենային ապրանքների եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնի 1.7 տոկոս աճով։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ տարեկան կտրվածքով ՀՀ–ում սպառողական գներն աճել են 3.3 տոկոսով։ Ալկոհոլային խմիչնքների եւ ծխախոտային ապրանքների գները հաշվի առնելով՝ պարենային ապրանքները թանկացել են 1.5 տոկոսով։ Սրա հետ մեկտեղ ծառայությունների սակագները աճել են 1.5 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.5 տոկոսով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ օգոստոսին պարենային ապրանքների գնի աճը հիմնականում բերել է մսի գնաճ 2.4 տոկոսով, մրգերի գները աճել են 3.3 տոկոսով, իսկ բանջարեղենի գները՝ 6.5 տոկոսով։ Միաժամանակ, տարեկան կտրվածքով մսամթերքը թանկացել է 8.6 տոկոսով, մրգերը էժանացել են 3.3 տոկոսով, իսկ բանջարեղենի գներում զգալի աճ է գրանցվել՝ 23.2 տոկոսով։ Վիճակագրական տվյալներով՝ օգոստոսին սպառողական գներն աճել են ՀՀ բոլոր քաղաքներում, սակայն առավել ինտենսիվ աճ նկատվել է Երեւանում եւ Աշտարակ քաղաքում։ Մսամթերքի գնի առավել բարձր աճ գրանցվել է Երեւանում, մրգերինը՝ Կապանում, իսկ բանջարեղենինը՝ Հրազդանում։ Ընդհանուր առմամբ՝ ամբողջական գնաճը մրգերի ու բանջարեղենի շուկայում օգոստոսին հասել է 5.4 տոկոսի, որն ազդել է գնաճի ընդհանուր մակարդակի վրա 0.4 տոկոսային կետով, քանի որ ապրանքների այդ խմբի տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում 8.36 տոկոս է կազմում։ Սրա հետ մեկտեղ կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում օգոստոսին գրանցվել է 1 տոկոս գնաճ, որին նպաստել է ձվի 5.9 տոկոս թանկացումը։ Հիշեցնենք, որ հունիս–հուլիս ամիսներին ձվի գինը նվազել էր՝ միջինում հասնելով 35 դրամ մեկ ձվի դիմաց արտադրողների մոտ արտադրանքի ավելցուկի պատճառով։ Այնուհետեւ գները վերադարձան նախկին մակարդակին (50 դրամ մեկ ձվի դիմաց)։ Տարեկան կտրվածքով կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում գնաճը կազմել է 0.3 տոկոս։ Այս խմբի ամենաբարձր գնաճը գրանցվել է Վանաձոր քաղաքում։ 2018 թվականի օգոստոսին 0.1 տոկոսով թանկացել է նաեւ սուրճը, թեյը, կակաոն, իսկ ոչ ալկոհոլային խմիչքները՝ 0.3 տոկոսով, հացաբուլկեղենը եւ հատիկավորները, ինչպես նաեւ ձուկը եւ ծովամթերքը՝ 0.5 տոկոսով, իսկ յուղի ու կարագի գները փոփոխություն չեն կրել։ Սրա հետ մեկտեղ շաքարն ու շաքարավազը օգոստոսին հուլիսի հետ համեմատած էժանացել է 2.6 տոկոսով, տարեկան կտրվածով էժանանալով 18.8 տոկոսով, որը պայմանավորված է շուկայի ազատականացմամբ։ Ամենաինտենսիվ գնանկումը գրանցվել է Հրազդան քաղաքում։ Մայրաքաղաքում շաքարի գինը նվազել է 2.4 տոկոսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր