00:00:00

Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ է բերել միայն «Ռեֆորմիստների» կուսակցությունը

18:09, 29 օգոստոս 2018

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած 10 քաղաքական ուժերից գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է բերել միայն «Ռեֆորմիստների» կուսակցությունը՝ կինոռեժիսոր Արտակ Ավետյանի գլխավորած ցուցակով: Այս մասին Irakanum.am-ի  հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը։ Թավշյա հեղափոխության հեղինակները՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», արտահերթ ընտրությունների են գնում Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» գլխավորած ցուցակով։ Այդպիսով ՔՊ-ն, փաստացի լքում է ավագանու նախկին կազմում գործող «Ելք» դաշինքը։ Բայց դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», շարունակում են համագործակցությունն ու «Լույս» դաշինքով միասնաբար առաջադրում են Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Բացի այս չորս կուսակցություններից, ևս վեց քաղաքական ուժի թեկնածու այս պահին հայտնի է։ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանին» այդ պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանին, ԳԱԼԱ կուսակցության քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է, Հայոց համազգային շարժման առաջին համարը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն է, Դաշնակցության թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, իսկ «Ժառանգությունը» պայքարի է գնում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու է նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ դրա նախագահ Մանուել Գասպարյանի թեկնածությամբ։ Քարոզարշավն այս անգամ սովորականից կարճ է տևելու՝ սեպտեմբերի 10-ից 21-ը։ Ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցությունը ապահովելու համար ԿԸՀ նաև որոշել է Երևան հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր