Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման վերաբերյալ:
Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրել է.
«2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված եւ ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը եւ նրա ընտանիքի անդամները։
Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է եւ ձերբակալվել։
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման եւ զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ»: