00:00:00

Արծվիկ Մինասյանը լիբանանցի գործարարների հետ նոր ներդրումների հետ կապված հարցեր է քննարկել

23:15, 27 օգոստոս 2018

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր՝ օգոստոսի 27-ին ընդունել է լիբանանցի գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը. այն Հայաստանում է Բիզնես Արմենիայի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ Լիբանանի հետ ունենալով շատ ընդհանրություններ և սերտ բարեկամական կապեր, հնարավոր է և անհրաժեշտ երկու երկրների տնտեսական հարաբերությունները դարձնել զարգացման հզոր գործիք, ինչի համար պետք է մեկտեղել ինչպես երկու երկրների կառավարությունների, պետական մարմինների, այնպես էլ գործարար համայնքների ներուժը և ջանքերը։ Նախարարը լիբանանցի գործարարներին հակիրճ ծանոթացրել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ և ԵՄ հետ կնքած համաձայնագրով պայմանավորված, այդ երկրների շուկաներ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու արտոնություններին, մի շարք այլ երկրների հետ ունեցած տնտեսական հարաբերությունների առավելություններին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի գործարարները վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են, և կոչ է արել լիբանանցի գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում և զբաղվել գործարարությամբ։ Հանդիպման ընթացքում լիբանանցի գործարարները ներկայացրել են իրենց հետաքրքրությունները և ակնկալիքները, քննարկվել են նաև նոր ներդրումների հետ կապված հարցեր։ Լիբանանցի ներդրողները Հայաստանում հիմնականում հետաքրքրված են գյուղատնտեսության, էներգետիկայի, կառուցապատման և այլ ոլորտներոով։ Այցելության վերջին օրը նախատեսված է հանդիպում «գործարար զրույցներ» ձևաչափով։ Լիբանանյան պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Գյուղատնտեսության, Խաղողագործության և գինեգործության, Զբոսաշրջության, Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամների ղեկավարների հետ։ 5-օրյա գործարար առաքելության ընթացքում լիբանանցի ձեռներեցները կայցելեն նաև Շիրակի մարզ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր