00:00:00

Մտացածին է ՀԾԿՀ անդամների Ֆրանսիա այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը. հանձնաժողով

20:20, 27 օգոստոս 2018

Մտացածին է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների Ֆրանսիա այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԾԿՀ-ն: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական եւ օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր զերծ պահել հանրությանը հնչեղություն ապահովող, սակայն իրողության հետ աղերս չունեցող «տվյալների» ներկայացումից:  Այսպես, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների սակագների սահմանման եւ վերանայման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ եւ չեն ենթադրում որեւէ հայեցողություն: Մասնավորապես, նշված սակագները ձեւավորվել են միջազգային մրցույթի արդյունքում եւ համաձայն ընկերության հետ ՀՀ կառավարության կնքած վարձակալության պայմանագրի՝ ամրագրվել մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով: Միաժամանակ, նույն փաստաթղթով ամրագրվել է նաեւ բազիսային սակագների ճշգրտման հստակ մեխանիզմ՝ պայմանավորված 3 կոնկրետ գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն եւ ամրագրված սպառման կանխատեսվող բազիսային ծավալների փոփոխություն): Հետեւաբար, պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ (15 տարի), խմելու ջրի ոլորտի սակագները կարգավորվելու են նշված մեխանիզմով։ Ընդ որում, ճշգրտումն իրականացվելու է բացառապես բանաձեւում ճշգրտող մեծությունների ներառման արդյունքում (դրանք հրապարակված եւ հանրությանը հասանելի մեծություններ են)։ Ուստի, ակնհայտ է՝ խնդրո առարկա սակագների ճշգրտման գործընթացում մարդկային սուբյեկտիվ գործոնն իսպառ բացառված է, հետեւաբար հանձնաժողովի ցանկացած միջամտություն՝ նույնպես: Ստեղծված իրողության պայմաններում, երբ Հանձնաժողովը չունի այլընտրանք, ներկայումս գործող սակագների ճշգրտումը եւս պետք է կատարի համաձայն ներկայացված կարգավորումների՝ անկախ իր գործունեության նկատմամբ հնարավոր կաշկանդվածություն ստեղծելու փորձերի: Ընդ որում, համաձայն սակագնային հավելվածի՝ բազիսային սակագները մինչեւ 2023 թվականը աճելու են, իսկ դրանից հետո՝ նվազելու: Այս համատեքստում, պարզապես մտացածին է հանձնաժողովի ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը:  Նման գործուղում, այո, տեղի է ունեցել, այն հետապնդել է փորձի փոխանակման բացառապես իրավաչափ նպատակ, այդ թվում՝ Ֆրանսիայի կարգավորող մարմնի հետ եւ նախաձեռնվել է «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ տիկին Մ. Գենդուրիի հրավերով (գործուղման համար անհրաժեշտ համաձայնությունները, հիմնավորող փաստաթղթերը հասանելի են հանձնաժողովում): Ընդ որում, փաստենք, որ նշված գործուղումն, օտարերկրյա աղբյուրների ֆինանսավորմամբ, ընդամենը մեկն է այն տասնյակներից, որոնք ուղղված են կարգավորող մարմնի եւ վերջինիս աշխատակազմի մասնագիտական գիտելիքների հետեւողական կատարելագործմանը: Ցավում ենք, որ նշված հաղորդագրության հիման վրա դեղին մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը չշրջանցեց նաեւ հանրության զգայուն տրամադրությունները՝ դառնալով տարաբնույթ շահարկումների առարկա: Նշվածը զերծ չպահեց այդ թվում՝ մեր պետության ապագայով իրապես մտահոգ հանրությանը՝ իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող եւ ոչ պակաս հայրենասեր մասնագետների բարի համբավը եւ արժանապատվությունը ոտնահարող որակումներ տալուց՝ ստվերելով Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի անկյունաքարային ինստիտուտը: Նշվածից հնարավոր էր խուսափել մասնագիտական քննարկումների եւ գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, հանձնաժողովը, հավատարիմ իր գործունեության թափանցիկության ապահովման սկզբունքին, պատրաստակամ է խնդրով մտահոգ ցանկացած շահագրգիռ անձի տրամադրել իր տիրապետման ներքո գտնվող՝ սույն հաղորդագրության հիմքում դրված բոլոր հիմնավորող փաստաթղթերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր