00:00:00

Տնօրեններին՝ ծաղիկներ, ուսուցիչներին՝ տորթ․ դպրոցներում դրամահավաքը շարունակվում է

17:53, 27 օգոստոս 2018

Չնայած այն հանգամանքին, որ Կրթության եւ գիտության նախարարության կողմից հանրակրթական դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին խիստ հրահանգ է իջեցվել ուսումնական տարվա մեկնարկին բացառել դրամահավաքը, այնուամենայնիվ Irakanum.am-ը Գյումրու մի շարք դպրոցների աշակերտների ծնողներից ստացել է ահազանգեր, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ծնողներին պարտադրվել է գումար հավաքել, որպեսզի տնօրեններին եւ ուսուցիչներին նվերներ գնվեն։ Մասնավորապես նման ահազանգ ստացել ենք Գյումրու թիվ 30 դպրոցից։ Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ պարտադրվել է աշակերտներից հավաքել այնքան գումար, որպեսզի հնարավոր լինի տոնական օրվա համար տորթ ու 101 վարդ գնել։ «Չենք հասկանում ում համար են այդ վարդերը, կամ ինչու հենց այդքան»,- մեզ դժգոհեց ահազանգած քաղաքացին, հայտնելով, որ իր երեխաները սովորում են այդ դպրոցում, եւ հնարավորություն չունեն «պատվերը» կատարել։ Պարզաբանում ստանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել Գյումրու թիվ 30 դպրոցի տնօրինության հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ ԿԳ նախարարությունից եւս պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց։ Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․  «Խստորեն դատապարտվելու և կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսևորումները։ «Մենք գիտենք, որ բազմաթիվ ուսուցիչներ, նաև տնօրեններ ունեն սոցիալական խնդիրներ: Այս ուղությամբ տարվում են աշխատանքներ, արդեն ունենք լուծումներ, որոնք առաջիկայում կներկայացվեն: Այսքանով հանդերձ՝ սոցիալական խնդիրների առկայությունը չի կարող արդարացնել դպրոցներում կոռուպցիայի առկայությունը: Նաև անթույլատրելի է, որ սոցիալական խոցելի վիճակը առիթ դառնա, որպեսզի քաղաքական ազդեցությունները ներթափանցեն դպրոց: Գիտեք, որ դպրոցների դրամահավաքների դեմն առնելու նպատակով իմ կողմից իրականացվել են որոշակի գործողություններ: Տեղյակ եմ, որ որոշ տնօրեններ լուրջ աշխատանք են տարել` դրամահավաքն արգելելու ուղղությամբ, եղել են դեպքեր, երբ հավաքված գումարները վերադարձվել են, բայց երևույթը դեռ կա»,-նշել էր նախարարը և հավելել, որ մի շարք դեպքեր այժմ ուսումնասիրվում են օրինապահ կառույցների կողմից: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր