00:00:00

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով քննությունը շարունակվում է

18:27, 25 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի տրամադրած համապատասխան տվյալների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, նախկինում հանդիսանալով համակուրսեցիներ և մտերիմ ընկերներ, ի պաշտոնե հնարավորություն ունենալով տիրապետելու և կառավարելու կազմակերպության մարտավարությունն ու ֆինանսական միջոցները, գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2017-2018 թթ. ընթացքում կազմակերպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից գնումներ կատարելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթները, որոնց շրջանակում իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ», «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» և այլ ՍՊ ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3,730,940,595 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Բացի այս, պարզվել է նաև, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։ Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոևն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի և հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1,572,573 և 3,245,442 դրամ գումար։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։ Հավելենք, որ այսուհետ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության միջև ձևավորված համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր