Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները, բացի այդ 2015թ. ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով թեև սահմանվել է 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գինը 1 լիտրի համար 55 դրամ, այնուամենայնիվ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015թ. անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104.871.558 դրամ ավելի սուբսիդիա:
2015թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սերգո Կարապետյանը: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու է նաեւ Սերգո Կարապետյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն այս գործով չի բացառվում, որ լինեն սկանդալային բացահայտումներ եւ ձերբակալություններ, որոնք կընդգրկեն ինչպես գյուղնախարարության նախկին, այնպես էլ ներկա պաշտոնյաներին: