ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այսօր հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով ստորագրահավաքին միացել են նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ: Հիշեցնենք, որ այս մասին Irakanum.am-ը գրել էր, դեռ ստորագրահավաքը մեկնարկելուց անմիջապես հետո: Խորհրդարանում ՀՅԴ-ն ունի յոթ պատգամավոր: Ստացվում է փոքրաթիվ խմբակցության կեսը կողմ է Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն, այլ կերպ ասած գտնում է, որ երկրորդ նախագահի կալանավորումն անօրինական է: Ուշագրավ է նաեւ ստորագրահավաքին միացած պատգամավորների ցանկը: Արմենուհի Կյուրեղյան, Ռուզաննա Մուրադյան եւ Ռոմիկ Մանուկյան: Նրանք ՀՅԴ-ում առանցքային դեր չեն կատարում: Դաշնակցական կարկառուն դեմքերը, որոնք ներկայացված են խորհրդարանում ձեռնպահ են մնացել ստորագրահավաքից:
Միաժամանակ ՀՅԴ-ն երկու հայտարարություն է արել Քոչարյանին կալանավորելու կապակցությամբ, ակնարկելով, որ իրականացվում է քաղաքական հալածանք ու հաշվեհարդար:
«Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն», - մասնավորապես ասվում է երկրորդ հայտարարության մեջ։
ՀՅԴ-ի ակնկարը ուղղված է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որին մաս է նաեւ նույն ինքը Դաշնակցությունը: Վարչապետը այստեղ խիստ մտահոգվելու առիթ ունի: Փաշինյանը նոր Հայաստանում համագործակցում է այնպիսի ուժի հետ, ով հնում հասցրել է բազմիցս վարքաբեկվել եւ աչքի ընկնել իր փոփոխական քաղաքականությամբ: ՀՅԴ-ն այս փուլում, փորձ է անում խաղալ նոր իշխանության նյարդերի հետ:
Դաշնակցության համար խիստ կարեւոր է Քոչարյանին ճաղերից այս կողմ տեսնել: Քոչարյանի ազատությունը կարող է երկրորդ անգամ ազատություն բերել նաեւ ՀՅԴ-ին, ով կարծես թե նոր Հայաստանում հարմարվելու եւ սեփական տեղը ամրացնելու խիստ խնդիր ունի:
Իսկ մինչ այդ ակնհայտ է, որ ՀՅԴ-ն միանալով ստորագրահավաքին ցույց է տալիս, որ կողմ չէ նոր իշխանության գործելաոճին, այդ կերպ սկիզբ դնելով կարճատեւ համագործակցությանը:
Irakanum.am