00:00:00

Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու նախագիծը Կառավարություն կներկայացվի օգոստոսի 16-ին

23:30, 06 օգոստոս 2018

Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու նախագիծը Կառավարություն կներկայացվի օգոստոսի 16-ին: NEWS.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հայտնեց, որ այժմ սպասում են ոստիկանությունից եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ֆինանսական ծախսերի վերաբերյալ տեղեկատվության: «Դրանից հետո հարցը կքննարկվի նախարարական կոմիտեում, իսկ արդեն օգոստոսի 16-ին՝ Կառավարության նիստում կներկայացվի»,- ասաց Արմինե Մուրադյանը: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական դիմում էր ներկայացրել: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել, քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Մամուլում տեղեկություններ կան, որ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր