00:00:00

Սփյուռքի նախարարը հանդիպեց Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

21:58, 06 օգոստոս 2018

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպեց Բոստոնի հայ համայնքի շուրջ երկու հարյուր  ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ նախարար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց ջերմ, անկեղծ մթնոլորտի ու հյուրընկալության համար և նշեց. «Ձեզանից ոմանք թավշյա հեղափոխությունից հետո հասցրել են լինել հայրենիքում, իսկ ովքեր չեն եղել, խորհուրդ եմ տալիս գալ և վայելել նոր Հայաստանը: Ավելի լավ ապագայի հույսով՝ մարդիկ արդեն սկսել են ժպտալ և հավատալ: Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը ոչ միայն յուրաքանչյուր հայի, այլև  մարդկության հաղթանակն է: Եվ ես այս առթիվ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեզ բոլորիս: Մենք ոչ միայն ունենք փառահեղ ապագա կերտելու պատմական հնարավորություն, այլև լավ, արժանապատիվ ներկա ունենալու մեծ նախադրյալներ: Հզոր Հայաստան, ուժեղ սփյուռք. ահա այն բանաձևը, որին մենք հավատում ենք, և վստահ ենք, որ միասնաբար պիտի գնանք առաջ»: Խոսելով առկա դժվարությունների և մարտահրավերների մասին՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ այսօր սփյուռքի աջակցությունը, սատարումը հայրենիքում կատարվող փոփոխություններին շատ կարևոր են: «Առաջին անգամ պատմության մեջ մենք սփյուռքից փող չենք խնդրում: Մենք կարիք ունենք փոխադարձ  գործակցության, համահայկական ներուժի վերհանման և նպատակային կիրառման»,-շեշտեց սփյուռքի նախարարը: Այնուհետև մոտ երկուսուկես ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում Մխիթար Հայրապետյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցության նոր տեսլականին, հայրենադարձությանը, հայապահպանությանը, հայկական դպրոցների ներկայիս վիճակին, սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը: Նախարարը ներկայացրեց նախարարության ծրագրերը, անդրադարձ կատարեց սփյուռքահայ երիտասարդների «ՆերՈւժ» startup ծրագրին, նշեց նաև, որ ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքագրում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ, որը մոտ ժամանակներս կհրապարակվի: Մխիթար Հայրապետյանը հատկապես կարևորեց Հայաստանում բժշկական և ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, որտեղ ակնկալվում է սփյուռքահայ մասնագետների աջակցությունը: Հարցեր հնչեցին նաև Հայաստանի ներդրումային նոր քաղաքականության վերաբերյալ: «Մենք արմատախիլ ենք անում կոռուպցիան, Հայաստանում այլևս չկա մենաշնորհ: Մեր հայրենիքը մոդեռն, զարգացած երկիր է, որտեղ դուք կարող եք ներդրումներ անել և գումար աշխատել: Սա շատ հստակ մեսիջ է, որ ցանկանում եմ ձեզ փոխանցել»,-նշեց սփյուռքի նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր