00:00:00

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելեց Գեղարքունիքի մարզի մի շարք բուժհաստատություններ

00:10, 08 հուլիս 2018 Առողջություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին աշխատանքային այց կատարեց  Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այցի առաջին կանգառը Սեւանի հոգեբուժական հիվանդանոցն էր, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  424 հիվանդ: Այստեղ նախարարը եւ մարզպետը ծանոթացան բուժհաստատության առօրյային, հիմնախնդիրներին, հիվանդների կենցաղային ու բուժական պայմաններին, զրուցեցին տնօրենի եւ բուժանձնակազմի հետ: Այցի երկրորդ կանգառը  Սեւանի  բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքն էր, որտեղ   նախարարը եւ մարզպետը ծանոթացան պետական միջոցներով  իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես ներկայացրեց շինարարության պատասխանատուն,  շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին, որից հետո արդի չափորոշիչներին համապատասխանող բուժհաստատությունը  քաղաքացիներին կտրամադրի  բարձրորակ բուժսպասարկում: Այստեղ նախարար Արսեն Թորոսյանը եւ մարզպետ Իշխան Սաղաթելյանը համատեղ քննարկեցին բուժհաստատության տեխնիկական ու մասնագիտական վերազինումների հետ կապված խնդիրներ: «Մասնագետ կադրերի գործուղումը մարզեր ջանքեր են պահանջելու նաեւ մարզային իշխանություններից ու տեղական ինքնակառավարման մարմիններից: Մենք համատեղ ուժերով պետք է հասնենք նրան, որ մարզեր գործուղված մասնագետներն ապահովվեն բավարար պայմաններով եւ իրենց չզգան աքսորյալների կարգավիճակում »,-շեշտեց Արսեն Թորոսյանը: Նախարարն այց կատարեց նաեւ Գավառի բժշկական կենտրոն՝ դրական տպավորություն արտահայտելով արդի չափանիշներին համապատասխանող բուժհաստատության գործունեության մասին: Գեղարքունիքի մարզպետարանում Արսեն Թորոսյանը   հանդիպում ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ: Մարզի առողջապահական համակարգի գործունեության, ձեռքբերումների եւ հիմնախնդիրների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Հիմնախնդիրների մեջ վարչության պետն առանձնացրեց բուժհաստատությունների տեխնիկական ու կադրային հագեցվածությունը եւ օրենսդրական փոփոխություններին առնչվող հիմնահարցեր: Որոշ հարցեր առաջ քաշեցին նաեւ բուժհաստատությունների տնօրենները, որոնց համար նախարարը հանդես եկավ պարզաբանումներով: «Մարզային առողջապահությունը եւ հատկապես առաջնային օղակը լինելու է իմ ուշադրության կենտրոնում: Մենք ծրագրում ենք բուժական բժշկությունից անցնելու կանխարգելիչ բժշկությանը: Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում թեեւ շատ կուտակված խնդիրներ կան, սակայն դրականն այն է, որ մարզային իշխանությունները հստակ պատկերացում ունեն դրանց մասին եւ պատրաստակամ են  խնդիրներին լուծում տալու համար: Եկող տարի 10 –ը միլիարդ դրամով աճելու է  առողջապահության ոլորտին տրվող բյուջեն, որից 6 միլիարդն ուղղվելու է  առողջության առաջնային պահպանման օղակին:Աճելու են դրամական միջոցները, դրա հետ մեկտեղ՝  նաեւ խստացվելու են պահանջները »,-նշեց նախարարը: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կարեւորեց նախարարի այցը: Նրա խոսքով մարզի առողջապահական համակարգում մի շարք խնդիրներ են կուտակվել, որոնք պահանջում են համատեղ եւ հրատապ լուծում: «Դրանց մի մասը կապված է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ, մի մասն էլ պահանջում է օպերատիվ լուծում: Իմ գնահատմամբ, մարզի առողջապահական համակարգի վիճակը վատ չէ, մնում է կարգավորել որոշակի խնդիրներ եւ առաջ շարժվել: Նախարարի այցը գնահատում եմ արդյունավետ, քանի որ այսօր մենք գործնական հարցերի լայն շրջանակ քննարկեցինք, որոնք շատ մոտ ապագայում կդառնան առարկայական ու կյանքի կկոչվեն»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը: Արսեն Թորոսյանն աշխատանքային այցն ավարտեց Մարտունու բժշկական կենտրոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր