00:00:00

«Արթուրիկ». Գյումրիում 26-ամյա երիտասարդին սպանել են «իկ»-ով դիմելու պատճառով

21:19, 07 հուլիս 2018 Հասարակություն

1in.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Արթուր Մարտիրոսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Դեպքի կատարման պահին Արթուր Մարտիրոսյանը 28 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 17-ի սահմաններում Ավետիք Ա.-ի՝ Գյումրիում գտնվող տնակում տեղի է ունեցել ճաշկերույթ, որին մասնակցել են մի խումբ անձինք, այդ թվում՝ Ավետիք Ա.-ի որդի Արտյոմը և գործով մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանը: Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Արտյոմը դիտողություն է արել հորը՝ կենացները ձգձգելու համար: Արթուր Մարտիրոսյանը միջամտել է՝ Արտյոմին անվանելով «Արտյոմիկ»: Վերջինս Արթուրին նույն կերպ է պատասխանել՝ անվանելով «Արթուրիկ»: Վիճաբանություն է առաջացել՝ տղաները վիրավորվել են՝ միմյանց փաղաքշական մասնիկով դիմելուց: Ավետիք Ա.-ն վիճաբանությունը դադարեցնելու նպատակով Արթուրին հյուրասենյակից դուրս է բերել, տարել է խոհանոց: Բայց Արթուրն ու Արտյոմը, ըստ մեղադրանքի, միմյանց ուղղությամբ սպասք են նետել, տվել են հայհոյանքներ: Արթուր Մարտիրոսյանը գլխով մեկ անգամ հարվածել է Ավետիք Ա.-ի դեմքին, ինչից Ավետիքն ընկել է գետնին: Այնուհետև կռիվը շարունակվել է Արտյոմի ու Արթուրի միջև: Նրանք միմյանց հարվածելով ընկել են հատակին: Արթուր Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, նախ՝ ձեռքով, այնուհետև իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմի մարմնի տարբեր մասերին՝ պատճառել է աջ թոքի, ստոծանու, սրտապարկի, սրտի աջ կեսի վնասումներով կրծքավանդակի խոռոչ թափանցող կտրած-ծակած վերքեր և այլ վնասվածքներ, որոնց արդյունքում Արտյոմ Ա.-ն մահացել է: Դատարանում Արթուր Մարտիրոսյանը հայտնել է, թե դեպքի օրը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին ինքն առավոտյան վերադարձել է գիշերային հերթափոխից, քնել է, իսկ երբ արթնացել է, որոշել է գնալ մազերը կտրելու: Երրորդ ուսումնարանի «գառադոկի» մոտ տեսել է Արտյոմ Ա.-ին, ով խմած էր: Բարևել, մի երկու բառ խոսել են, Արտյոմն առաջարկել է գնալ իրենց տուն՝ «մի բաժակ բան խմելու»: Ինքը հրաժարվել է, ասել է, թե գործեր ունի: Արտյոմն էլ նեղացել է, թե իր տան կողքով անցնում ու չի ուզում ներս մտնել: Ինքը, չուզենալով նրան նեղացնել, համաձայնել է: Մտել է Արտյոմենց տնակը: Փոքր սեղան էր դրված, որի շուրջ իրեն անծանոթ մարդիկ էին նստած: Մի կես ժամի չափ նստել է: Արտյոմը մի երկու բաժակ էլ է խմել, սկսել է բարձր-բարձր խոսել, հայհոյել : Ինքը որոշել է դուրս գալ: Ասել է, թե գործեր ունի, պիտի գնա: Արտյոմին մաղթել է՝ Արտյոմիկ, լավ մնա, օջախդ շեն մնա: Արտյոմը հեգնանքով ասել է. «Հա, գնա, Արթուրիկ»: Ինքը զարմացել է նրա դիմելաձևից: Հարցրել է՝ ի՞նչ վատ բան արեց, որ նա այդ տոնով է խոսում: Արտյոմն ասել է, թե իր տան մեջ ինքն է իրեն ուղղություն տալու: Նա սեղանի վրայից անսպասելի շիշ է վերցրել ու նետել է իր վրա, սեղանն է շուռ տվել, ասել է, թե իր «աչքերը կհանի», որ իմանա՝ նրա հետ ոնց խոսի: Ինքը վախեցել է, ուզեցել է դուրս փախչել: Տեսել է, որ Արտյոմի ձեռքին դանակ կա, նա դեպի իրեն է գալիս: Ինքը վազել է դեպի դուռը, հետևից հարված է ստացել ու ընկել է: Արտյոմը մատը մտցրել է իր աչքը, դանակով խփել է իր գլխին: Ինքը վատ է զգացել, գոռացել է, որ իրեն բաց թողնի: Թե դրանից հետո ինչ է կատարվել՝ չի հիշում: Աչքերը բացել է, հեռվից մեքենայի լույսեր են ընկել իր վրա, տեսել է, որ երրորդ ուսումնարանի մոտ է: Գլխից արյուն է եկել, սիրտը խառնել է: Մի կերպ հասել է իրենց դռների մոտ: Ինչ վերաբերում է նրան՝ իբր ինքը թմրանյութ է տարել, թմրանյութ է իրացրել՝ իր մոտ ո՛չ թմրանյութ է եղել, ո՛չ էլ՝ դանակ՝ ինչպես ներկայացնում են: Ամբաստանյալը նշել է, թե մինչև տվյալ պահը ինքը դիրքորոշում չէր հայտնել մեղադրանքի վերաբերյալ, բայց հայտնում է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նա օգտվել է իր դատավարական իրավունքից ու հրաժարվել է կողմերի, անգամ՝ իր պաշտպանի հարցերին պատասխանելուց: Միաժամանակ Արթուր Մարտիրոսյանն իր պաշտպանական ճառում նշել է, թե ոչ մեկի մահը չի ցանկացել: Ընդգծել է, որ ինքը դեպքի պահին բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնք իրեն պատճառել է Արտյոմ Ա.-ն: Ինքը, կապված իր հիվանդության հետ, գտնվել է հուզումնալից վիճակում, կորցրել է գիտակցությունը: Եթե անգամ իր կողմից ինչ-որ գործողություններ են եղել, դրանք եղել են պաշտպանական բնույթի: Ինքն ամեն ինչ արել է այդ տնակից դուրս գալու համար, բայց զրկված է եղել այդ հնարավորությունից: Տուժողի իրավահաջորդը՝ տուժող Արտյոմի մայրը, հայտնել է, թե որդին երկար ժամանակ գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում: Վերադարձել է 2013 թվականի սեպտեմբերին, հոր հետ բնակվել է դեպքի վայր հանդիսացող տնակում: Դեպքի օրը՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, հեռախոսով խոսել է Արտյոմի հետ: Նա ասել է, թե հոր ծանոթներն իրենց տանն են: Ժամը 21-ն անց 50-ին ինքը զանգել է Արտյոմին, պատասխանել է հարևանուհի Մարիամն ու ասել է, թե Արտյոմին տեղափոխել են հիվանդանոց: Զանգել է ամուսնու հեռախոսին, պատասխանել է նրա քույրը, ասել է. «Տներս քանդվեց» ու անջատել է: Ինքը Երևանից գնացել է Գյումրի, հիվանդանոցի մոտ բազմաթիվ մարդիկ էին հավաքված: Իմացել է, որ Արտյոմը մահացել է: Տնակի ներսում ու դրսում արյան հետքեր են եղել: Տան գույքը ջարդված էր: Հետագայում իմացել է, որ կռվի պատճառը եղել է Արտյոմի կողմից Արթուրին «Արթուրիկ» անվանելը: Իմացել է, որ Արթուրը կռվի ժամանակ տնակից դուրս է եկել, հետո ներս է մտել ու սուր, «բզի նման» գործիքով՝ այնպիսի գործիքով, որն առաջացնում է ներքին արյունահոսություն, ինչից մարդը մահանում է, այդպիսի գործիքով խփել է Արտյոմին: Տուժողի իրավահաջորդը նշել է, թե իմացել է, որ Արթուր Մարտիրոսյանը թմրանյութ էր բերել իրենց տուն, խնջույքի մասնակիցներն օգտագործել են: Արթուրը կենացներ է ասել, ոչ ոք չի լսել, նա վիրավորվել, սկսել է հայհոյել իրեն չլսողներին: Իր որդին, որպես պատվախնդիր անձնավորություն, դիտողություն է արել Արթուրին: Բայց նա որոշ ժամանակ անց նորից է հայհոյանքներ տվել: Արտյոմը նկատողություն է արել Արթուրին, նաև հորը՝ Ավետիքին: Արթուրը սաստել է Արտյոմին՝ ասելով. «Արտյոմիկ, թող խոսա»: «Արտյոմիկ» բառի տակ «թաքնված հեգնական ինտոնացիայի» պատճառով Արտյոմը հակադարձել է. «Եղավ, Արթուրիկ ջան»: Դրանից հետո Արթուր Մարտիրոսյանը ավելի է լարել իրավիճակը, գլխով հարվածել է ամուսնու՝ Ավետիքի դեմքին, նա ընկել է: Արտյոմը միջամտել է, քշքշուկ է սկսվել նրա ու Արթուրի միջև: Վերջինս իր մոտ եղած գործիքով հարվածել է որդուն՝ սրտի, թոքի շրջանում, ու դիմել է փախուստի: Ականատես վկաները Արթուրի ձեռքին տեսել են արյունոտ դանակը… Դատարանը հաստատված չի գնահատել տուժողի իրավահաջորդի մի շարք հայտարարությունները, այդ թվում նաև այն, որ որդու սպանությանը այլ անձինք էլ են մասնակցել… Դատարանը հաստատված է գնահատել Արթուր Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը և հաշվի է առել, որ Արթուր Մարտիրոսյանն ինքնակամ է ներկայացել իրավապահներին, նաև այն, որ նա վատառողջ է: Արթուր Մարտիրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարվել հանցավոր արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Արթուր Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի նոյեմբերի 6-ից: Արթուր Մարտիրոսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 3 միլիոն 549 հազար 450 դրամ, որից՝ 2 միլիոն 49 հազար 450 դրամը՝ փաստաբանական ծառայությունների համար, իսկ 1միլիոն 500 հազար դրամը՝ որպես հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցում: Քաղաքացիական հայցը մնացած մասով թողնվել է առանց քննության՝ հնարավորություն է տրվել այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով: Արթուր Մարտիրոսյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 1 միլիոն 213 հազար 242 դրամ՝ որպես կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալի շահերի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը: Ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը հրաժարվել էր վերաքննիչ դատարան ներկայանալուց: Նա դիմում էր գրել դատարանին՝ խնդրելով բողոքների քննությունը կատարել իր բացակայությամբ՝ միայն իր շահերի պաշտպանի մասնակցությամբ: Ամբաստանյալը հույս էր հայտնել, որ վերաքննիչ դատարանը «արդարամիտ կլինի»: Դատարանը հնարավոր համարեց բողոքների քննությունն անցկացնել ամբաստանյալի բացակայությամբ՝ դատարան չներկայանալու նրա որոշումը համարելով նրա «կամարտահայտությունը»: Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Հայրապետյանը նշեց, որ այս գործի դատական քննությունը տևել է մոտ 3 տարի: Տևական ժամանակ դատական նիստեր չեն եղել՝ դատարանը անտեսում էր արգելանքի տակ գտնվող Ա. Մարտիրոսյանի շահերը: Այդ պայմաններում պաշտպանական կողմը միջնորդել է, որ փոխվի Ա. Մարտիրոսյանի խափանման միջոց կալանավորումը, բայց դատարանը մերժել է միջնորդությունը՝ անորոշ կերպով նշելով, թե դատական քննությունը ձգձգվել է «օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված»: Ըստ պաշտպանի՝ դատարանն իրականացրել է «ուշացած արդարադատություն»: Պաշտպանը նշեց, որ գործի քննությամբ ներգրավված է եղել 22 վկա, դատարանը լսել է 13 վկաների, որոնցից միայն 2-ն են կարևոր տեղեկություններ հայտնել դեպքի վերաբերյալ: Դատարանը քննության առարկա չի դարձրել հետևյալ հարցը՝ Արթուր Մարտիրոսյանի համար առկա չի՞ եղել անհրաժեշտ պաշտպանության վիճակ: Վկաներից՝ Ռ. Գ.-ն նշել է, որ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ ոտնձգություն կատարողը եղել է տուժող Արտյոմը, հետո ևս մի քանի հոգի Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն են գործադրել: Վկա Ա.-ն նշել է, որ Արթուրը ցանկանում էր հեռանալ, բայց նրան հնարավորություն չի տրվել, տուժող Արտյոմն ասելն է, թե Արթուրի «աչքը հանելու է»: Արթուրի դեմքը վկան ամբողջովին արյունոտ է տեսել… Վկան նշել է՝ եթե Արթուրը կարողանար, դուրս կգար այդ տանից. «Որ թողնեին, կելներ»: Պաշտպան Ա. Հայրապետյանն ընդգծեց՝ դատական ակտում չի արտացոլվել Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ գործադրված բռնության հանկարծակիությունն ու շարունակականությունը, դա արտացոլում է դատարանի կանխակալ վերաբերմունքը: Պաշտպանի կարծիքով՝ դատարանի եզրակացությունները «վերացական բնույթ են կրում», ակնհայտ է դատարանի մեղադրական դիրքորոշումը: Արթուր Մարտիրոսյանը դատաքննական իր խոսքում նշել է, թե ինքը ոչ մեկի մահը չի ցանկացել, միայն իր կյանքն է փրկել: Պաշտպանը նշեց, որ դեպքի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը ստացել է բազմաթիվ վնասվածքներ՝ գլխի, ոտքերի, աչքի շրջանում: Տուժողը սպառնացել է, որ նրա աչքը հանելու է, մատը մտցրել է Արթուրի աչքի մեջ… Պաշտպանը նշեց, որ այս գործի հետ կապված՝ ևս երկու քրեական գործ է հարուցվել՝ թմրամիջոցների հետ կապված ու ծեծի, բռնություն գործադրելու մասով, որով Արթուր Մարտիրոսյանը տուժողի կարգավիճակ է ստացել: Ըստ պաշտպանի՝ դեպքի պահին Արթուր Մարտիրոսյանի համար առկա է եղել անհրաժեշտ պաշտպանության վիճակ, եթե նա չդիմադրեր, նրա կյանքին ու առողջությանն ավելի ծանր վնաս կարող էր հասցվել: Պաշտպան Ա. Հայրապետյանը անհրաժեշտ համարեց, որ պատասխան տրվի հարցին՝ Արթուր Մարտիրոսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանությա՞ն վիճակում, թե՞ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ: Ինքը՝ Արթուր Մարտիրոսյանը, սրտի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել, ինչը առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել: «Առաջին ատյանի դատարանը արդարադատություն իրականացնելու փոխարեն կատարել է մեխանիկական աշխատանք»,- ասաց պաշտպանը: Նրա կարծիքով՝ կա նաև չփարատված կասկած, որ արարքը կատարվել է խիստ հուզմունքի վիճակում. Արթուր Մարտիրոսյանը հայտնել է, որ դեպքից հետո ուշքի է եկել փողոցում, երբ իր դեմքին մեքենայի լույսեր են ընկել… Պաշտպանական կողմը ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, բայց միջնորդությունը մերժվել է: Դատարանը, ըստ պաշտպանի, կատարել է նաև հակընդդեմ հարցման իրավունքի խախտումներ՝ գործով վկաների մի մասը գործի քննության ընթացքում հեռացել են ՀՀ-ից, դատարանում չեն հարցաքննվել: Դատարանը վկաների ներկայությունն ապահովելու ուղղությամբ լուրջ քայլեր չի կատարել, չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները: Դատարանը, պաշտպանի բնորոշմամբ, հանդես չի եկել որպես անաչառ ու անկախ դատարան: Պաշտպանը որպես տուժող կողմի ճնշում՝ դատարանի վրա, բնորոշեց տուժողի իրավահաջորդի հաղորդումը, թե դատարանի դահլիճում իրեն ծեծել են: Պաշտպանը նշեց՝ դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները, իսկ տուժող կողմի միջնորդությունները բավարարել է: Պաշտպանը իր բողոքում մի շարք պահանջներ առաջ քաշեց՝ դիտավորյալ սպանության համար Արթուր Մարտիրոսյանին արդարացնել կամ նրա արարքը վերաորակել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, կամ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այս պահանջներից որևէ մեկը վերաքննիչ դատարանի կողմից չկատարելու դեպքում պաշտպանը միջնորդեց պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ նշանակել մեղսագրված արարքի համար սահմանված նվազագույն պատիժ, իսկ քաղհայցի մասով քաղհայցի պահանջը ամբողջությամբ մերժել և Արթուր Մարտիրոսյանին ազատել դատական ծախսերը հատուցելու պարտավորությունից: Իր վերաքննիչ բողոքը հիմնավորելով՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Պապիկյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը մերժել է տուժող կողմի միջնորդությունների մեծ մասը: Տուժող կողմը միջնորդել է դատարան հրավիրել ու հարցաքննել դեպքին ականատես մի շարք անձանց, բայց դատարանը անհիմն կերպով մերժել է միջնորդությունը և միջոցներ չի ձեռնարկել ճշմարտությունը բացահայտելու համար: Տուժողի իրավահաջորդը չի կարողացել ներկայացնել մոտ մեկ տասնյակ միջնորդություններ, քանի որ դատարանի կիրառած սանկցիայով հեռացված է եղել դատարանի դահլիճից: Տուժողի իրավահաջորդը ներկա չի եղել մեղադրողի ճառին: Առաջին ատյանի դատարանը արդյունավետ դատական քննություն չի իրականացրել: Դատական ակտում էլ տեղ են գտել հանգամանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ դատական ակտում որպես տուժողի տանը կազմակերպված խնջույքի ժամ՝ նշվել է ժամը 20-ը, բայց դա գործով ձեռք բերված ապացույցների սխալ հետազոտման արդյունք է: Դատական ակտում որպես տուժողին մահացու վնասվածքներ հասցնելու ժամ՝ նշված է ժամը 21-ը, բայց գործում նաև հակասական տեղեկությոններ կան, որ դա կատարվել է ժամը 22-ն անց 15-ին կամ՝ժամը 19.30-20-ը: Ըստ բժշկական եզրակացության՝ տուժողը ստացած վնասվածքների պայմաններում կարող էր ողջ մնալ առնվազն՝ 1,5-2 ժամ: Եթե նկատի ունենանք, որ տուժողը հիվանդանոց է ընդունվել ժամը 21-ն անց 46-ին, ու ամենայն հավանականությամբ՝ նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ապա մահացու վնասվածքները նա, հավանաբար, ստացել է ժամը 19.30-20-ի սահմաններում… Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Պապիկյանը նշեց, որ տուժողի սրտի ու թոքի շրջաններում առկա են եղել տարբեր չափսերի վնասվածքներ, հնարավոր է՝ տարբեր գործիքներով են նրան վնասվածքներ պատճառել, բայց գործի քննությամբ դա չի բացահայտվել… Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր