ԵՄ կարգավորիչները չինական Temu առևտրային կայքը տուգանել են 200 միլիոն եվրոյով՝ «անօրինական և վտանգավոր ապրանքների վաճառքը կանգնեցնելու անկարողության համար», գրում է The Guardian-ը։
Եվրոպական հանձնաժողովը տուգանքը նշանակել է 19-ամսյա հետաքննությունից հետո, որը ցույց է տվել, որ սպառողները ընկերության կայքում մեծ հավանականությամբ կարող են առնչվել անօրինական կամ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների՝ ներառյալ մանկական խաղալիքներ և էլեկտրոնիկա։
Հանձնաժողովի համար անցկացված չհրապարակված հետազոտությունը բացահայտել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող մանկական ապրանքների «բարձր տոկոս» և հարթակում վաճառվող վտանգավոր լիցքավորիչների «շատ բարձր տոկոս», ինչպես նաև անվտանգության տեսանկյունից կասկածելի հագուստ և զարդեր։
Ավելի վաղ ամբողջ Եվրոպայում սպառողական խմբերը հայտնել էին մանկական խաղալիքների մասին, որոնք ունեն չամրացված դետալներ, ինչը կարող է հանգեցնել շնչահեղձության, ծծակների շղթաների մասին, որոնք կարող են խեղդել երեխային, վտանգավոր մետաղներ (դրանց թվում՝ կապար) պարունակող զարդերի, արգելված քիմիական նյութերով պատրաստված հագուստի և լիցքավորիչների մասին, որոնք կարող են այրվածքներ, էլեկտրահարում կամ հրդեհ առաջացնել։
Եվրահանձնաժողովը միաժամանակ քննադատել է Temu-ին՝ իր կայքի դիզայնի նկատմամբ անբավարար վերահսկողության համար։ «Առաջարկությունների համակարգերը և ազդեցիկ անձանց (ինֆլուենսերների) գովազդային ակցիաները կարող են մեծացնել անօրինական արտադրանքի տարածման ռիսկերը», - ասվում է հաղորդագրության մեջ։
200 միլիոն եվրոյի տուգանքը երկրորդն է և ամենախոշորն է, որ երբևէ նշանակվել է ըստ ԵՄ Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA), որը 2024 թվականի փետրվարից կիրառվում է աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ։
Այդ քայլը հաջորդում է անցյալ տարվա դեկտեմբերին Իլոն Մասկի X ընկերության նկատմամբ նշանակված 120 միլիոն եվրոյի տուգանքին՝ «մոլորեցնող» վերիֆիկացիոն նշանների և գովազդի մեջ թափանցիկության բացակայության համար։