Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները, քանի որ ամենամեծ իր ձախողումը ինքը ունեցել է բանակի հարցում, մեր պաշտպանության հարցում, Արցախը հանձնելու հարցում. դրա համար նույնիսկ չեմ պատկերացնում իր արած այս քայլը ինչին է ուղղված: Ինձ թվում է՝ ավելի շատ ուղղված է, որ ցույց տա ինչպես է ինքը ծախսել ութ միլիարդ դոլարը, որ կախել է մեր պետության գլխին: Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ Արմենիա Հ/Ը–ի եթերում խոսելով զորահանդեսի մասին:
Կարապետյանը ընդգծել է՝ իշխանության գալով կգնեն ամենաժամանակակից, ամենակարևոր, ամենապետքական տեխնիկան, որը կպաշտպանի ժողովրդին, որը կհագեցնի սահմանները. կստեղծեն լուրջ տեխնիկայով հագեցված սահմաններ, կքչացնեն զինծառայողների դերը սահմաններում և կլինի խելացի, ճիշտ կազմակերպված բանակ:
Սամվել Կարապետյանը նշել է՝ հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը և Գորշ գայլեր.
«Ուրիշ ոչ մեկ հայ ժողովրդին պատերազմով չի սպառնում: Ես իրոք վստահեցնում եմ, որ օրը Փաշինյանը հեռացվեց Հայաստանի իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի Հայաստանին և հայ ժողովրդին սպառնալ պատերազմով: Դա անմիջապես դուք կտեսնեք, և մենք կվարենք ճիշտ դիվանագիտություն, կունենանք լուրջ երաշխավորներ, և ոչ մեկ չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա, հայ ժողովրդի վրա»,– հավելել է նա:
Հարցին, թե ովքեր կարող են լինել այսօր երաշխավորներ Հայաստաի համար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետ Սամվել Կարապետյանը ասել է. «Աշխարհի մասշտաբով երաշխավորներ լինում են միայն խոշոր գերտերությունները, որպեսզի ներշնչեն վստահություն: Այդպիսի երկրներ կարող եմ թվել, թե Ամերիկայի Միացյալ նահանգները, թե Ռուսաստանը, թե Չինաստանը, թե Եվրամիությունը: Մենք հասնելու ենք դրան, որ ունենանք ճիշտ երաշխավորություն, որ մեր ժողովրդին ոչ մեկ չկարողանա սպառնալ: Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել Ալիևին և Ալիևի երաշխավորությանը: Ինքը արդեն ցույց է տվել, որ ինքը թույլ, անկարող ղեկավար է, ինքը վախկոտ է, ինքը վախենում է Ալիևից. մենք չենք վախենում Ալիևի, մենք շատ արագ ենք բերելու խաղաղություն մեր երկրին և վստահելի երկարատև խաղաղություն»:
Նա նաև անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը, որով վերջինս ասել էր՝ Կարապետյանը պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում. «Փաշինյանը հունիսի 7-ից հետո ոչ մի որոշում չի կարող կայացնել, առավել ևս իմ ապագայի մասով. ինքը ավելի ճիշտ կանի թող երկար մտածի իր և իր խմբակի ապագայի մասին: Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանցիների Հայաստան գալուն, մարդկանց թվում է՝ մենք ինչ-որ նախընտրական քարոզարշավ ենք այդ հարցով իրականացնում: Դա արդյունք է այն հայտարարությունների, որ մենք ամեն օր լսում ենք Ալիևից և իր օգնականներից: Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ` թող Փաշինյանը վաղը առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-ին 19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն»: