00:00:00

«Գործը տեղից չի շարժվում»․ գործարար Հարություն Քնարյանը դիմել է Փաշինյանին ու գլխավոր դատախազին

15:25, 22 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Գործարար Հարություն Քնարյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ բարձրաձայնելով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից իր նկատմամբ կատարված հանցագործությունների և դրանց առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքի մասին։

Քնարյանը գրառման մեջ նշել է, որ սեպտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա նախաձեռնվել է թիվ 83136526 քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

Գործարարը նշել է, որ վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, շորթման, գույքի ապօրինի օգտագործման և մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերին։

Նրա խոսքով՝ գործն ի սկզբանե Քննչական կոմիտեից փոխանցվել է հսկող դատախազին, այնուհետև ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Սակայն շուրջ մեկ ամիս այնտեղ մնալուց հետո այն վերադարձվել է դատախազություն։

Քնարյանը մտահոգություն է հայտնել, որ քրեական վարույթի քննությունը տեղից չի շարժվում, և մինչ այժմ իրեն չեն հրավիրել հարցաքննության։

Հարություն Քնարյանը՝ «Սմարտ Կարգո» ընկերության ֆինանսական խնդիրների մասին

Բաց նամակում գործարարը ներկայացրել է նաև «Սմարտ Կարգո» ընկերության ֆինանսական խնդիրների պատճառները՝ դրանք կապելով Հովիկ Աբրահամյանի գործողությունների հետ։

Քնարյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի փաստացի երաշխավորությամբ ՀՀ-ում գործող բանկերից ընկերության անունով խոշոր վարկեր են վերցվել, որոնք Աբրահամյանի խաբեության արդյունքում դուրս են բերվել ընկերության շրջանառությունից և կանխիկ փոխանցվել նրան։ Գործարարի խոսքով՝ Աբրահամյանը խոստացել է վերադարձնել գումարները, սակայն չի կատարել խոստումը։

Քնարյանը նաև նշել է, որ ընկերությունը պահեստ է վարձակալել Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված անձին պատկանող «Արտաշատ Վին Կոն» գինու գործարանի տարածքում, որտեղ պահվել է շաքարավազի մեծ խմբաքանակ։

Նրա ներկայացմամբ՝ Հովիկ Աբրահամյանի պարտադրանքով շաքարավազը վաճառվել է ինքնարժեքից ցածր գնով՝ վերջինիս հետ փոխկապակցված ընկերություններին։ Քնարյանը, մասնավորապես, հիշատակել է գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Ռոյալ Ֆլուր» ՍՊԸ-ն և «Հայաստան» դաշինքի Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանին պատկանող «Կումայրի Գրուպ» ՍՊԸ-ն։

Գործարարը հայտնել է, որ ընկերությունում ունեցել է խոշոր ներդրումներ և մի շարք պայմանագրեր, որոնք կորցրել է Աբրահամյանի խոստումների և նկարագրված գործողությունների հետևանքով։

Քնարյանի խոսքով՝ ստեղծված ֆինանսական վիճակի պատճառով ընկերությունը չի կարողացել վճարել հարկերը և գրանցված աշխատակիցների աշխատավարձերը։

Քնարյանը հայտարարում է՝ ապացույցներ ունի

Բաց նամակի վերջում Հարություն Քնարյանը նշել է, որ ներկայացված բոլոր հանգամանքների վերաբերյալ ապացույցներ ունի և պատրաստ է դրանք տրամադրել իրավապահ մարմիններին։

Նա դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել գործին և ապահովել դրա պատշաճ քննությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր