Հրազդանը ժամանակին եղել է արդյունաբերական կենտրոն, սակայն գործող իշխանությունները ոչինչ չեն արել այս ընթացքում՝ քաղաքի տնտեսական կյանքը վերականգնելու ուղղությամբ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Փակվել է 3 գործարան, մատը մատին չեն տվել՝ գործարանները վերականգնելու համար։ Մարդիկ իրենց ընտանիքներն այլևս չեն կարողանում պահել, որովհետև նրանք, ովքեր պիտի գործարանները վերաբացեին, զբաղված էին եգիպտացորեն ուտելով, պարելով, Ֆրանսիա գնալով , բայց ոչ՝ Հայաստանի արդյունաբերական հսկան վերագործարկելուն գոնե մեկ ժամ հատկացնելով»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց՝ երբ Սամվել Կարապետյանը լինի ՀՀ վարչապետ, պատկերը կփոխվի.
«Հրազդանի ցեմենտի գործարանը 8 ամսվա ընթացքում, փոփոխություններից հետո, մենք վերագործարկելու ենք։ «Պատնեշը» 7-8 ամսվա ընթացքում ստանալու է պատվերներ. վերագործարկվելու է, դառնալու է հայկական ռազմարդյունաբերության հիմքերից մեկը։ Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը. դա նշանակում է տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձեր, հազարավոր աշխատատեղեր։ Հայաստանն ունենալու է արդյունաբերական մի քանի կենտրոններ, բայց Հրազդանն ամենախաշորն է լինելու։ Մարդիկ այլևս աշխատանքի պրոբլեմ չեն ունենալու»։