00:00:00

Կառավարությունը վարչական տուգանքների համաներում կիրականացվի. թեժ քննարկում

16:27, 04 հուլիս 2018 Տնտեսություն

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Մինչ նախարարը կներկայացներ նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե զեկուցի՞ հարցը, թե՞ թողնի վերջում փակ քննարկմանը, քանի որ համաներման վերաբերյալ ակտը ֆինանսական հետևանքներ ունեցող է և ԱԺ պետաիրավական հանձնաժողովը իրականացրել է այս հարցում փակ քննարկում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հանրությանը իրազեկելու հետ կապված ի՞նչ խնդիր ունեն, քանի որ այս նախագիծը վերաբերում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ի իրավախախտումներին և իր համար անհասկանալի էր՝ ինչու պետք է նախագիծը թողնեն: «Այս քննարկման պրոբլեմը ո՞րն է, որ մարդիկ կարող են իմանալ և չվճարե՞լ», - ասաց նա և հետաքրքրվեց e-gov.am-ում արդյոք կա նախագիծը ներկայացրած և դրական պատասխան ստացավ: Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Նա նշեց, որ խոսքը 13,3 միլիար դրամի համաներման մասին է: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը չի վերաբերում մինչև 2017 թվականի բոլոր վարչական խախտումներին: «Սիրելի քաղաքացիներ, ձեր վարքագիծը փոխելուց առաջ սպասեք ԱԺ-ում ընդունվի նախագիծը և համոզվեք, որ այս օրենքը վերաբերում է այն իրավախախտմանը, որը դուք կատարել եք, որից հետո ձեր վարքագիծը փոխեք: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ տեսալուսանկարահանման քաղաքականությունում խնդիր կա, և ոստիկանությունը արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է օրենքի նախագիծ վարչական իրավախախտումների մասին օրենքում, որով առաջինը՝ կթեթևացնենք քաղաքացիների տուգանքային բեռը, բայց կբարձրացնենք երթևեկության մասնակիցների կարգապահությունը», - ասաց նա: Վարչապետը կարևորեց, որ օրենսդրությունը պետք է լինի երթևեկության կարգապահությունը բարձրացնելը և, կարծես թե, բավականին լավ առաջարկներ է ներկայացրել ոստիկանությունը: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ տեսանկարահանող և լուսանկարահանող խախտումները կազմում են 150 հազար, իսկ ճանապարհապարեկային ոստիկանության կողմից՝ յոթ հարյուր հազար: Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը և նշեց, որ մարդկանց մի մասը, այսպես թե այնպես, չէր վճարելու այդ տուգանքները, ինչը հետևանքների էր բերելու: «Այս մեր քաղաքականությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ես ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր քաղաքականությունը այն չէ, որ բոլորը ազատվում են բոլոր տուգանքներից և ով ինչպես ցանկանում է, մեքենան կարող է վարել, քավ լիցի, դրա մասին խոսք լինել չի կարող: Խոսքը նրա մասին է, որ մինչ այս իրականացվող քաղաքականությունը ուներ ֆիսկալ նշանակություն և մարդկանց տուգանելու խնդիր էր դրված», - ասաց նա: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորեց հասցեական զիջումը, այսինքն՝ եթե որևէ քաղաքացի խախտում է արել, նրան ներվի, ոչ թե, օրինակ, արել է Ա-ն, բայց ներվի Բ-ին: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ հանցավոր գործունեության հետևանքով, եթե վնաս է հասցվել և եթե ներվում է պարտքը, ապա կարող է խնդիր առաջանա քրեական առումով: «Այնպես չլինի, որ վարչական համաներումը դե ֆակտո դառնա քրեական համաներում», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կառավարության նպատակը կոռուպցիայի դեմ պայքարում այն է, որ պետության հասցված վնասը փոխհատուցվի: Երկար քննարկումներից հետո նախագիծն ընդունվեց միաձայն: Ըստ նախագծի՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր