00:00:00

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով հարցաքննվել են ուղեկալի պետի տեղակալն ու զորամասի նախկին շտաբի պետը

18:17, 28 հունիս 2018 Իրավական

Հունիսի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գեւորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով որպես վկա ներգրավված ուղեկալի պետի տեղակալ Հայկ Վարդեւանյանն ու զորամասի նախկին շտաբի պետ Անդրանիկ Կարապետյանը ցուցմունք են տվել։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նրանք ներգրավվել էին ամբաստանյալներ Հ. Մուրադյանի եւ Մ. Ոսկանյանի պաշտպան Կ. Բարսեղյանի միջնորդությամբ: Անդրանիկ Կարապետյանը ասաց, որ տեղյակ չի եղել սպաների խոզապահությամբ զբաղվելու մասին, զինվորներին նմանօրինակ աշխատանքներում ներգրավելը կանոնակարգով նախատեսված չէ, բայց եւ յուրաքանչյուր զինվոր ինքն է որոշում՝ օգնել, թե՝ ոչ: Անդրանիկ Կարապետյանը նշեց, որ թղթախաղ խաղալը եւս արգելվում է: Հայկ Վարդեւանյանն էլ ասաց, որ խոզեր ունեցել են զորամասի բոլոր սպաները, բայց խոզերին կեր տարել են անձամբ, զինվորները դրան չեն մասնակցել: Ամբաստանյալ Հ. Մուրադյանի եւ մահացած Գ. Խաչատրյանի հարաբերությունները, նրա խոսքով, ընկերական էին: Այլ մանրամասներ չհիշեց, բայց հայտնեց, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները ճիշտ են: Պաշտպան Կ. Բարսեղյանը միջնորդեց հարցաքննել նաեւ քննիչ Հ. Հայրապետյանին ու քննչական բաժնի պետ Գ. Խալաթյանին։ Մեղադրողն առարկեց, իսկ դատարանը մերժեց միջնորդությունը: Այնուհետեւ պաշտպանը դատարանին ինքնաբացարկ հայտնեց, որով հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի: Նույնը տեղի ունեցավ նաեւ այս միջնորդությունների հետ: Դատարանը կրկին մերժեց: Սկսվեց դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրող Ս. Խաչատրյանի մեղադրական ճառն ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին: Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զորամասերից մեկում Գ. Խաչատրյանը հրազենային վնասվածքից մահացել է 2015 թ. նոյեմբերի 28-ին: Դեպքի հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հիմքով: Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու (ՀՀ Քր. օր. 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով), իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ կամ իշխանության անգործության համար (ՀՀ Քր. օր. 375 հոդվածի առաջին մաս), ինչպես նաեւ զինծառայողին վիրավորելու (ՀՀ Քր. օր. 360 հոդված)  եւ զինծառայողների կողմից մոլեխաղեր կազմակերպելու եւ մասնակցելու համար (ՀՀ Քր. օր. 364.1 հոդված) մեղադրանքներ են առաջադրվել նրա ծառայակիցներին ու վերադասներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր